Ադրբեջան-Վրաստան սահմանին ԻՊ ադրբեջանցի գրոհային է ձերբակալվել

Ադրբեջան-Վրաստան սահմանին ԻՊ ադրբեջանցի գրոհային է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի Զակատալայի շրջանի Ուզունգազմալար գյուղի մոտակայքում Վրաստանի հետ Ադրբեջանի պետական սահմանը հատելու փորձ կատարելիս ձերբակալվել է Ադրբեջանի Բեյլագանի շրջանի Շահսեվեն գյուղի բնակիչ Շիրինով Բաբեկ Փերվիզ օղլուն (1990 թ. ծն), հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Ինչպես գործակալությանն են հայտնել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից, քննության ընթացքում պարզվել է, որ նախկինում Սիրիայում «Իսլամական պետության» շարքերում կռված Շիրինովը, նպատակ ունենալով կրկին միանալ ահաբեկչական խմբավորմանը, ցանկացել է հատել Վրաստանի հետ սահմանը, այնտեղից Թուրքիա, իսկ հետո արդեն Սիրիա հասնելու համար:

Սահմանախախտին մեղսակցելու մեղադրանքով ձերբակալվել է նաև Ալիաաբադ գյուղի բնակիչ Աֆղան Նիյազի օղլու Շամխալովը:

Ադրբեջանի քաղաքացիներից շատերն են ներգրավված սիրիական հակամարտությունում` տարբեր գնահատականներով 400-1000 մարդ: Անցյալ տարի ասվում էր նույնիսկ Սիրիայում առանձին «ադրբեջանական գումարտակի» ստեղծման հավանականության մասին: Ծնունդով Ադրբեջանից ամենահայտնի գրոհային Հաթաբ ալ Ազերին բացի մարտերին մասնակցելուց հայտնի է նաև իր մեղադրանքներով Ադրբեջանի իշխանությունների հասցեին` պետության աշխարհիկության պահպանման և կաշառակերության համար:

Ադրբեջանցիների անունները հաճախ են շրջանառվում ԶԼՄ-ներում: Օրինակ, հունվարին թուրքական պարբերականը պնդում էր, որ ծայրահեղականները գլխատել են ադրբեջանցի դաշտային հրամանատար Սիրաջ Ազերիին:

Ըստ Վրաստանի իրավապահ մարմինների, Սիրիայում և Իրաքում մարտական գործողությունների է մասնակցում Վրաստանի մոտ 300 քաղաքացի: Ջիհադականների զգալի մասը չեչեններն են Պանկիսիի կիրճից: Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների են մասնակցում նաև Թուրքիային սահմանակից Աջարիայի, ինչպես նաև ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի բնակիչներից ոմանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---