ԱԺ նախագահը՝ Ժնևում. ՀՀ խորհրդարանականները կշարունակեն լինել Սիրիայի կողքին միջազգային հարթակներում

ԱԺ նախագահը՝ Ժնևում. ՀՀ խորհրդարանականները կշարունակեն լինել Սիրիայի կողքին միջազգային հարթակներում

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ժնևում հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավար Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում:

Սահակյանը նշել է, որ Հայաստանը մեծ ցավ է ապրում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:

«Մենք Սիրիայի հետ ավելի քան բարեկամներ ենք: Մենք երբեք չենք մոռանում, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ջերմությամբ ընդունել են Սիրիայում և ապրելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովել», - ասել է ԱԺ նախագահը:

Խոսելով հայ-սիրիական խորհրդարանական փոխգործակցության մասին՝ Սահակյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարբերաբար այցելում են Սիրիա, տեղում ծանոթանում իրավիճակին և մանրամասն տեղեկություններ հաղորդում իրեն: Նա նկատել է նաև, որ թե Հայոց ցեղասպանության և թե աշխարհի մյուս ցեղասպանությունների լիարժեք դատապարտման բացակայության պատճառներից մեկն այն է, որ այսօր էլ աշխարհում առկա են ցեղասպանության հատկանիշներով պատերազմներ և այլ երևույթներ:

Խոսելով Սիրիայի հետ բազմակողմ գործակցության մասին՝ խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ ՀՀ խորհրդարանականները բոլոր միջազգային հարթակներում կշարունակեն լինել եղբայրական Սիրիայի կողքին:

Սիրիայի խորհրդարանի ղեկավարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Սիրիա:

Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը նշել է. «Ռուս-սիրիական դաշինքն արդեն լուրջ հաջողություններ է գրանցել: Շնորհակալ ենք մեր կողքին լինելու, մեզ աջակցելու համար և խնդրում եմ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի շնորհակալությունը փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին»:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Խոսելով Միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքների մասին՝ Սիրիայի խորհրդարանի ղեկավարը ցավով նշել է, որ միջազգային հանրության կողմից իրենց նկատմամբ կիրառվում են երկակի ստանդարտներ:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։

Մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---