17  23.10.15 - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային ֆորումը

ՀՀ նախագահ. Ադրբեջանը ծանր հրետանու կիրառմամբ իրավիճակի լարման նոր փուլի է անցել

ՀՀ նախագահ. Ադրբեջանը ծանր հրետանու կիրառմամբ իրավիճակի լարման նոր փուլի է անցել

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին Երևանում մասնակցել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի բացման արարողությանը, որտեղ հանդես է եկել ելույթով:

Երևանյան ֆորումի մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այն ընթերցել է ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը: Ֆորումի բացման արարողության ժամանակ ռեկտոր Տորկունովը ՀՀ նախագահին է հանձնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտական խորհրդի որոշման համաձայն թողարկված հատուկ հուշամեդալը, որով Սարգսյանը պարգևատրվել է:

ՄՄՀՊԻ շրջանավարտների երրորդ միջազգային Ֆորումի շրջանակում նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը Սարգսյանը մասնակցել է նաև ճեմարանի 200-ամյակին և Մոսկվայի արևելագիտության դպրոցին նվիրված հրատարակությունների և ՄՄՀՊԻ գրքի թանգարանի պահուստային ֆոնդի պատկերագրքի շնորհանդեսին, դիտել` Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

Նախագահի խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավանդաբար հիմնվում է բարիդրացիության, գործընկերության, թափանցիկության և հավասարակշռության, մեր տարածաշրջանում շահեր ունեցող ուժերի ոչ թե հակադրման, այլ համադրման սկզբունքների վրա: Այս քաղաքականության իրականացման գործում առաջնային տեղերից մեկը տրվում է ՌԴ հետ ռազմավարական գործընկերության համակարգված և հետևողական խորացմանն ու ընդլայնմանը:

Ըստ նախագահի՝ հայ-ռուսական հարաբերությունները միայն միջպետական գործակցության ամուր հիմքի վրա չեն հիմնված. դրանց հիմքում ընկած է ժամանակի փորձությունն անցած մեր ժողովուրդների բարեկամությունը, որոնց օգնությամբ կյանքի են կոչվում հեռանկարային նոր ծրագրեր: ՌԴ-ն կարևոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնման, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կարևորագույն հարցերից մեկին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությանը, Սարգսյանը ասել է, որ ԼՂ ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշվելու անքակտելի իրավունքի համար, իրավունքի, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության և այլ միջազգային հիմնարար փաստաթղթերում: Ադրբեջանի հավակնությունները Արցախի հանդեպ զուրկ են որևէ պատմական, իրավական, քաղաքական և բարոյական հիմնավորումներից: Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը համառ պայքարի գնով ապացուցել է իր ազատ գոյության իրավունքը: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:

Այս համատեքստում նախագահը նկատել է, որ 1918-ին Ռուսական կայսրության փլուզումից հետո, Անդրկովկասի քաղաքական քարտեզում առաջին անգամ հայտնվեց նոր կազմավորում` Ադրբեջան անունով: Այդ պատճառով, խոսել Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանին պատկանելու մասին միջև 1918-ը բացարձակապես տեղին չէ, քանի որ այդպիսի պետություն գոյություն չի ունեցել: Ազգերի Լիգան մերժեց նոր ձևավորված Ադրբեջանի այդ կազմակերպությունում անդամակցության խնդրանքը՝ իր սահմանների անորոշության պատճառով: Ադրբեջանցիները փորձեցին բռնակցել Ղարաբաղը ռազմական ճանապարհով: 1918-1920թթ. ադրբեջանական ռազմական միավորումներն իրականացրեցին հայկական բնակչության ջարդեր: Միայն 1920թ. մարտին տարածաշրջանի մշակութային կենտրոնում՝ Շուշիում, 40 հազար հայ կոտորվեց և արտաքսվեց: Այդ սարսափելի կոտորածը թողեց խորը և արնահոսող վերք: Պոետ Հովսեփ Մանդելշտամը գրել է` «այնտեղ բոլոր կողմերից երևում են քառասուն հազար մահացած պատուհաններ»:

Նախագահը նաև հիշեցրել է, որ սովետական տարիներին նույնպես բռնի ուժով Ադրբեջանի կազմին միացրած հայկական այլ շրջանի՝ Նախիջևանիմասին, իհարկե, այս դեպքում ինքնավար հանրապետության կարգավիճակով , որտեղ համակարգված իրականացվում էր նրա հայկական բնակչության վերացման քաղաքականություն և հայկական մշակութային հուշարձանների ոչնչացում:

«Պետք է նշել, որ լազարյանները ծագումով հենց Նախիջևանից էին: Սովետական Միության փլուզման օրերին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հետևելով միջազգային իրավունքի նորմերին, համապատասխան ԽՍՀՄ օրենսդրության դրույթներին, հանրաքվեի միջոցով հայտարարեց իր անկախությունը, ճիշտ այնպես, ինչպես Սովետական Միության նախկին հանրապետությունները, ինչպես հենց ինքը՝ Ադրբեջանն է: Իմիջիայլոց, Ադրբեջանում անկախության հանրաքվեն անցկացվել է Ղարաբաղում հանրաքվեից հետո: Այսպիսով, Սովետական Միության փլուզման պահին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական տարածքում ձևավորվել են երկու անկախ և իրավահավասար սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը», - ասել է Սարգսյանը:

Նա շեշտել է, որ Ադրբեջանը մշտապես մերժում է համանախագահների` ինչպես կարգավորման, այնպես էլ վստահության ամրապնդման միջոցների առաջարկները, բանակցություններին հակադրելով Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստանի սահմանի իրավիճակի լարվածության աճը, ինչը հանգեցնում է բազմաթիվ զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության մեջ: Վերջին շրջանում Ադրբեջանը ծանր հրետանու օգտագործմամբ անցել է իրավիճակի լարման նոր փուլի:

«Այս գործողություններով Ադրբեջանը ոչ միայն խախտում է խնդրի խաղաղ կարգավորման հիմնարար միջազգային պարտավորությունները` ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալը` ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտում, միջազգային իրավունքի սկզբունքների մասին Հռչակագրում և այլ փաստաթղթերում, այլև խախտում է եռակողմ համաձայնագրի շրջանակում ընդունած պարտավորությունները` լիովին արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների բազմաթիվ կոչերը», - ասել է Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ իր ապակառուցողական դիրքի արդարացման նպատակով ադրբեջանական կողմը ընտրողաբար հիմնվում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 բանաձևերի վրա, որոնք ընդունվել են 1993թ. թեժ ռազմական գործողությունների ժամանակ` միտումնավոր խեղաթյուրելով այդ բանաձևերի էությունը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերոնշյալ բանաձևերի նպատակը, դրանց կարևորագույն պահանջը «ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումն» էր: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա համապատասխան բանաձևում ամրագրված է միանշանակ «շարունակել փնտրել հակամարտության կարգավորման հնարավորություններ Մինսկի գործընթացի համատեքստում», ինչը հերթական անգամ ապացուցում է ադրբեջանական պնդումների անհիմն լինելը:

Սարգսյանը նկատել է, որ հենց Ադրբեջանն է խափանել բոլոր չորս բանաձևերի իրականցումը, չկատարելով դրանց հիմնական պահանջները՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, առանց որի հնարավոր չէր իրականացնել բանաձևի մյուս դրույթները և ՄԱԿ-ի ԱԽ-ի կոչերը:

Նախագահն ընդգծել է, որ Ոչ մի բանաձևում Հայաստանը նշված չէ, որպես հակամարտության կողմ: Սարգսյանը նշել է, որ հակամարտության սկզբից Ադրբեջանը և Թուրքիան իրականացնում են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության շրջափակում: Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ դա Բաքվի արտաքին քաղաքականության առաջնայնությունն է: Անվտանգության խորհուրդը նաև կոչ է անում «ապահովել տարածաշրջանում, մասնավորապես` հակամարտությունում ներգրավված բոլոր շրջաններում մարդասիրական օգնության տրամադրման միջազգային գործունեության անարգել ապահովումը», սակայն Ադրբեջանը արգելափակում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում:

Սարգսյանը շեշտել է, որ վերոնշվածից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել ՄԱԿ-ի ԱԽ-ի հիմնական պահանջները, այդուհանդերձ անամոթաբար հիմնվում են այդ բանաձևերի վրա, համատեքստից դուրս ընտրողաբար մեկնաբանում դրանց առանձին դրույթները:

Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ ՀՀ-ն շարունակում է արդյունավետ փոխգործակցություն ծավալել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում: Այդ փոխգործակցության նոր խթան դարձավ Եվրասիական տնտեսական միության ձևավորումը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի գործունեության ակտիվացումը:

Նախագահի խոսքով՝ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերում ՀԱՊԿ-ում իր նախագահությանը և բծախնդրորեն է մոտեցել առաջիկա չորս տարիներին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի թեկնածուի ընտրության հարցին:

Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի երկկողմ գործակցության օրակարգում կարևոր տեղ է հատկացվում հարևան երկրերի՝ Իրանի և Վրաստանի հետ փոխհարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում Իրանի միջուկային խնդրի կարգավորումը, հատկապես՝ մեր մյուս հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում, ՀՀ-ի համար առանձնակի կարևորություն ունի:

«Մենք շարունակում ենք ակտիվ գործակցությունը մեր արևմտյան գործընկերների հետ, որոնց ակտիվ աջակցությամբ արդեն երկար տարիներ անցկացնում ենք լայնամասշտաբ բարեփոխումներ՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների կատարելագործմանը, օրենքի գերակայության ապահովմանը երկրի կառավարման գործում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը: Օրեր առաջ Եվրոպական Միության Խորհուրդը որոշում ընդունեց Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանի հետ գործակցության նոր իրավական բազայի մշակման շուրջ բանակցություններ սկսելու մանդատ տրամադրելու մասին: Ակտիվ զարգանում են երկկողմ կապերը հին Եվրոպայի երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Գերմանիայի հետ: Հայաստանը ակտիվ երկխոսություն է պահպանում Միացյալ Նահանգների հետ տարբեր մակարդակներում: Ստորագրվել է Առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը: Դյուրացվել է վիզային ռեժիմը: Մասնավորապես, Հայաստանը, որպես ատոմային էլեկտրակայան ունեցող երկիր, միջուկային անվտանգության հարցերի վերաբերյալ նախաձեռնության մասնակից է: ՆԱՏՕ-ի մասով Հայաստանը մասնակցում է միջազգային խաղաղապահ գործողություններին», - ասել է նախագահը:

Նրա խոսքով՝ այս օրերին Հայաստանը կանգնած է սահմանադրական համակարգի բարեփոխումների շեմին: Բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, վեց ամիս առաջ հրապարակված հայեցակարգի հիման վրա մշակվել և ներկայացվել է գործող Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Սարգսյանը նշել է, որ գործող Սահմանադրության փոփոխությունները ենթադրում են կիսանախագահականից անցում խորհրդարանական կառավարման մոդելի՝ խորհրդարանական ընտրություններն ամբողջովին տեղափոխելով համամասնական ընտրակարգի: Ավելի բարձր մակարդակի վրա կբարձրացվեն մարդու իրավունքների և ազատության պաշտպանության հարցերը: Կհավասարակշռվեն իշխանության ինստիտուտների լիազորությունները, ներդաշնակեցված են այդ հաստատություններից յուրաքանչյուրի պատասխանատվությունը և լիազորությունը: Կուժեղանա ընդդիմության ինստիտուցիոնալ դերը:

Նախագահը նկատել է, որ 2015-ը Հայաստանի ժողովրդի համար խորհրդանշական է իր նորագույն պատմության երկու կարևորագույն իրադարձություններով. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Երկուսի հիմնական ուղերձն է՝ չմոռանալ մարդկային ողբերգությունները, դիմադրել պատմության վերանայման փորձերին և անցյալից դասեր քաղել՝ մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու նպատակով:

Նրա խոսքով՝ այդ հարցում կարևոր դեր է տրվում փորձագիտական հանրությանը, որի օբյեկտիվ գիտական հետազոտությունների շնորհիվ տրվում են այդ չարաբաստիկ հանցագործության իրավական, բարոյական ու քաղաքական գնահատականներ, և բարձրանում է միջազգային հանրության իրազեկության մակարդակը: Այդ պատճառով մենք սկսել ենք սերտ համագործակցել գիտնական-ցեղասպանագետների Միջազգային ասոցիացիայի հետ և Հայաստանում ընդունեցինք նրանց 12-րդ համաշխարհային կոնգրեսը:

Եզրափակելով խոսքը՝ նախագահը նշել է, որ համընդհանուր խաղաղության, կայունության, անվտանգության, երկրների և ազգերի միջև համագործակցության ամրապնդումը, զարգացման պայմանների ապահովումը, ավելի բարեկեցիկ ապագայի կառուցումը միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է: Նա հույս է հայտնել, որ Միջազգայնագետ-փորձագետները կարող են իրենց ծանրակշիռ լուման ներդնել այս ազնիվ գործում, ինչպես նաև վստահություն հայտնել, որ ՄՄՀՊԻ շրջանավարտները կարող են կարևոր դեր խաղալ դրանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---