24 հոկտեմբերի 2015 - 11:23 AMT
ԱԺ հանձնաժողովը կողմ է նույնականացման քարտով քվեարկության իրավունք տվող օրինագծին

ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ և 24-ժամյա արտակարգ ռեժիմով արդեն առաջիկա քառօրյայում քվեարկության կդրվի Հանրապետական կուսակցության ներկայացրած օրինագիծը, որն առաջարկում է ընտրելու իրավունք տալ նաև նույնականացման քարտով:

Ընդ որում, ըստ օրինագծի, նույնականացման քարտ ստացած ավելի քան կես միլիոն քաղաքացու քվեարկության մասին վկայող որևէ դրոշմանիք չի դրվելու, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հանձնաժողովի դրական վերաբերմունքին չի արժանացել Տիգրան Ուրիխանյանի՝ նույն հարցին վերաբերող նախագիծը, որը նույնականացման քարտով ընտրություններին մասնակցելու իրավունք տալուց բացի, առաջարկում է նաև վերահսկողական մեխանիզմ ներդնել․ հատուկ սարքեր հատկացնել հանձնաժողովներին՝ քվեարկությունն արձանագրելու և կրկնաքվեարկությունը բացառելու նպատակով:

Հանրապետականի հիմնական փաստարկը հետևյալն է․ տեխնիկապես չեն հասցնի մինչև հանրաքվեն համապատասխան սարքեր գնել և տեղադրել:

Առաջիկա սահմանադրական հանրաքվեի խնդիրներից է նույնականացման քարտերի խնդիրն է. արդյոք ՀՀ քաղաքացիները պետք է իրավունք ունենան նույնականացման քարտով քվեարկել, թե ոչ:

Հայաստանի խորհրդարանի իշխող Հանրապետական կուսակցության չորս պատգամավորներ` Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մինասյանը եւ Գագիկ Մելիքյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Նրանք առաջարկում են փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում, որպեսզի ընտրողներն իրավունք ստանան քվեարկությանը մասնակցել նաեւ նույնականացման քարտերով: Իսկ որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ նույնականացման քարտը, ըստ ՀՀ օրենսդրության, նույնպես անձը հաստատող փաստաթուղթ է:

Քվեարկության ժամանակ ընտրողի անձնագրում, զինվորական գրքույկում կամ անձնագրին փոխարինող փաստաթղթում կնիք է դրվում, ինչը հնարավոր չի լինի անել նույնականացման քարտով քվեարկելու դեպքում:

Իշխող քաղաքական ուժի նախաձեռնությանը ձեռնպահ քվեարկած Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) հիշեցրել է, որ ժամանակին նույնականացման քարտով քվեարկելու հնարավորությունը հանվել է Ընտրական օրենսգրքից հենց այն պատճառով, որ չկային վերահսկման մեխանիզմներ:

Սահմանադրական փոփոխություններին կողմ Դաշնակցության ներկայացուցչի կարծիքով, եթե տեխնիկական սարքերը ներդնելը ծախսատար և ժամանակատար է, ապա այլ իրատեսական մեխանիզմներ կան․ «Գոնե նույնականացման քարտեր ունեցող անձանց ցուցակը հրապարակվի, և դրանք տրամադրվեն հանձնաժողովներին, որպեսզի հանձնաժողովներում յուրաքանչյուր հակառակ կողմի ներկայացուցիչ կարողանա պատշաճորեն վերահսկել՝ արդյո՞ք անձը նույնականացման քարտով է գալիս քվեարկության և հաշվառված է այդ բնակավայրում, թե՞ ոչ»:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է, թե հարցը հարկավոր է քննարկել Ոստիկանության հետ:

Հանձնաժողովի անդամներից օրինագծին դեմ են քվեարկել Տիգրան Ուրիխանյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Էդմոն Մարուքյանը: