24 հոկտեմբերի 2015 - 12:20 AMT
Սիրիայում ԻՊ դեմ մարտերում իրանցի գեներալ է զոհվել

Սիրիայում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի բրիգադի գեներալ Ռեզա Հավարին:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է «Ֆարս» գործակալությունը: Վերջին 2 օրում Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի (ԻՀՊԿ) 8 զինվորական է զոհվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Բրիգադի գեներալ Ռեզա Հավարին ԻՀՊԿ «Ֆաթեմիյուն» դիվիզիայից էր, նա սիրիական զինված ուժերի խորհրդական էր, զոհվել է «Իսլամական պետության» գրոհայինների դեմ մարտում`Համա գավառի հյուսիսում»,-ներկայացնում է մանրամասները գործակալությունը:

Զոհվածների մասին տեղեկությունները հաստատել է ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչ Ռամեզան Շարիֆը: Զոհերի թվում է նաև ԻՀՊԿ հրամանատարներից մեկը` Բաքերի Նիյարաքին, որն Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիկնապահներից է եղել:

Իրանի հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև շիաների «Հեզբոլլահ» խմբավորումն աջակցություն են ցուցաբերում սիրիական բանակին: Ռուսաստանը, Սիրիան, Իրանը և Իրաքը ընդհանուր տեղեկատվական կենտրոն են ստեղծել ԻՊ դեմ պայքարի համար: Այդ կենտրոնի հիմնական գործառույթներն են տարածաշրջանում իրավիճակի և ԻՊ ուժերի տեղակայման և շարժի մասին տեղեկատվության հավաքագրումը, մշակումը և վերլուծությունը: Արևմտյան կոալիցիայի երկրները կենտրոնի աշխատանքներին չեն մասնակցում:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Photo:AP