24 հոկտեմբերի 2015 - 13:53 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Ռալֆ Յիրիկյանն արժանացել են «Մերկուրի» մրցանակին

Կայացել է «Մերկուրի» մրցանակաբաշխությունը, որի պատվավոր մրցանակին արժանանում են տնտեսության և գործարար ոլորտում նշանակալի հաջողություններ ու վաստակ ունեցող ընկերություններն ու անհատները։ «Մերկուրի» մրցանակաբաշխությունը միջազգային է և անցկացվում է տարբեր երկրների Առևտրաարդյունաբերական պալատների նախաձեռնությամբ: Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատն այն կազմակերպում է 2006 թվականից: ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է մրցանակաբաշխության մրցանակակիր՝ վերահաստատելով Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի իր դիրքերը:

Մրցանակի է արժանացել նաև ընկերության գլխավոր տնօրենը՝ երկրում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթի ներդրման համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը լիովին նոր շունչ է հաղորդել Հայաստանում բիզնես կառավարմանն ու միջավայրին: Տասնամյա գործունեության ընթացքում կազմակերպություն բարձրաձայնել է այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են՝ կայուն զարգացումը, էթիկայի նորմերի վրա հիմնված կառավարումը, շահառուների ներգրավվածությունը, բնապահպանությունը, աշխատանքային հավասար պայմանները, բարեխիղճ գովազդը և այլն: Կազմակերպության սոցիալական ներդրումների շնորհիվ լուծվել են սոցիալ-տնտեսական շատ խնդիրներ: Արժեքային այս համակարգի ներդրման հարցում իր մեծ ներդրումն է ունեցել գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ունի ամենաընդարձակ 2G, 3.75G, 4G ցանցերը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Հիմնադրման օրվանից կարճ ժամանակամիջոցում ընկերությունը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Որպես նորարարությունների առաջատար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ դերակատարում ունի Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գործում:

Այս տարվա «Մերկուրի» մրցանակաբաշխությանը ներկայացված է եղել քսանհինգ անվանակարգ՝ ընդգրկելով տնտեսության բոլոր ոլորտները։ Փորձագիտական գնահատման հետազոտական ծրագիրն իրականացրել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գնահատող հանձնաժողովը, արդյունքների ամփոփիչ գնահատականին մասնակցել է նաև միջգերատեսչական հանձնաժողովը, որի կազմում եղել են պետական կառույցների ներկայացուցիչներ: