Մոսկովյան ճաշկերույթ-դրամահավաքը չի կայանալու. Հայ գործարարները ֆինանսական խնդիրներ ունեն

Մոսկովյան ճաշկերույթ-դրամահավաքը չի կայանալու. Հայ գործարարները ֆինանսական խնդիրներ ունեն

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը որոշել է չանցկացնել ամենամյա մոսկովյան ճաշկերույթ-դրամահավաքը՝ պայմանավորված Ռուսաստանում բնակվող հայ գործարարների բիզնեսներում վատ ցուցանիշների հետ: Այս մասին տեղեկացրել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Մոսկովյան ճաշկերույթ-դրամահավաքը չի կայացել նաև 2014-ին:

«Այս պահի դրությամբ որոշումն այն է, որ ճաշկերույթ որպես այդպիսին չի կայանալու, եթե ինչ-որ բան փոխվի, մենք նախօրոք կհայտարարենք: Իսկ որոշումը կայացվել է այն պատճառով, որ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը դեռևս հաղթահարված չէ և մեր հայրենակիցները բազմաթիվ խնդիրներ ունեն իրենց անձնական բիզնեսների հետ կապված», - ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ պատճառները զուտ տնտեսական են, և սա ավելի շատ հիմնադրամի որոշումն էր` չդիմել, քան գործարարների որոշումը` չմասնակցել:

Միաժամանակ նա նշել է, որ եթե կլինեն մարդիկ, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցելու 2015-ի դրամահավաքին, հիմնադրամը մեծ ուրախությամբ կընդունի իրենց նվիրատվությունները, գրում է Tert.am-ը:

«Ինչպես և միշտ գրավոր կդիմենք մեր հայրենակիցներին` մասնակցելու դրամահավաքին: Թե քանիսը կմասնակցեն, չեմ կարող ասել, իհարկե, դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ բոլորն էին մասնակցում», - ասել է Վարդանյանը:

Նա անդրադարձել է նաև Տորոնտոյում անցկացված ճաշկերույթին՝ տեղեկացնելով, որ դրա ժամանակ հավաքված $700.000-ը ուղղվելու է Լեռնային Ղարաբաղում 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար տների կառուցմանն ու ինչպես նաև երկու համայնքային կենտրոնների կառուցմանը:

«Գումարի մի մասը կուղղվի ևս մի ծրագրին, չեմ ուզում մանրամասնել, որովհետև այժմ այն դեռ քննարկում ենք», - ասել է Վարդանյանը:

Պատասխանելով հարցին, թե հիմնադրամը դիտարկու՞մ է Մոսկվայից բացի այլ մայրաքաղաքներում դրամահավաք-ճաշկերույթներ անցկացնելու գաղափարը, այսինքն` դրա աշխարհագրությունը լայնացնելը, գործադիր տնօրենը պատասխանել է.

«Մենք ունենք 25 տեղական մարմին, որոնցից ամեն մեկն ունի դրամահավաքի իր ձևը: Տորոնտոյում, Մոնրեալում դա դրամահավաք-ճաշկերույթն է, Լիբանանում դա ռադիոմարաթոնն է, Եվրոպայում` ֆոնետոնը, Ամերիկայում` տելեմարաթոն է: Այս առումով, երևի, միակն ենք, որ կիրառում ենք աշխարհում գործող բոլոր դրամահավաքները»:

Գործունեության 20 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ-ում իրականացրել է ավելի քան 476 կմ ճանապարհի, 517 կմ ջրագծի ու ջրամատակարարման համակարգի,144 կմ գազատարի, 70 կմ էլեկտրական հոսանքի գծի շինարարություն։ Բացի այդ, կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ, 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատություն, 53 սպորտային ու մշակութային կենտրոն։ Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---