Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներն ու հակառակորդները շարունակում են շտաբերի ձևավորման աշխատանքները

Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներն ու հակառակորդները շարունակում են շտաբերի ձևավորման աշխատանքները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Հանրապետական կուսակցության «Այո»-ի կենտրոնական շտաբում կայացած աշխատանքային խորհրդակցությունից հետո տեղի է ունեցել շտաբի նիստ, որը վարել է շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը:

ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը տեղեկացրել է, որ շտաբի նիստում ընտրվել են շտաբի պետի տեղակալներ. Վիգեն Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Հովհաննես Հովսեփյանը, Արմեն Երիցյանը, Լևոն Յոլյանը և Վահրամ Բաղդասարյանը: Շտաբի քարոզչության պատասխանատուն կլինի Վիգեն Սարգսյանը, գրում է Panorama.am-ը:

Քննարկվել ու կազմվել է ընթացիկ աշխատանքների ժամանակացույցը և տրվել են հանձնարարականներ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայանալիք Սահմանադրության հանրաքվեի շտաբի պետի պաշտոնին նշանակել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Իր հերթին, «Նոր Հայաստան» փրկության ճակատը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը օգտվելու է հանրաքվեի քարոզչությանը մասնակցելու համար օրենքով տրված հնարավորություններից:

«Արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով «Ընդդիմության միասնական շտաբ»-ը աշխատելու է ոչ միայն ժողովրդին համախմբելու և ոտքի հանելու ուղղությամբ, այլև օգտագործելու է Սահմանադրությամբ և օրենքով հանրաքվեի գործընթացին, այդ թվում՝ «ՈՉ»-ի քարոզչությանը մասնակցելու բոլոր հնարավորությունները:

Մասնավորապես, օրենքով սահմանված կարգով «Ժառանգություն» կուսակցության անունով ստեղծվելու է հիմնադրամ, որն ապահովելու է քարոզչության ֆինասնավորումը, այդ թվում՝ դահլիճների վարձակալումը և եթերաժամերի դիմաց վճարումը:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը կոչ է անում մասնակցել 2015-ի դեկտեմբերի 1-ին Երևանում անցկացվող համազգային հանրահավաքին և աջակցել իր քարոզչական հիմնադրամին, որի բանկային հաշվի համարը կհրապարակվի առաջիկա օրերին: Նիստին նաև հաստատվել են շտաբի կառուցվածքը և գործառույթները, նշանակվել են պատասխանատուներ:

Սահմանադրական հանրաքվեն ՀՀ-ում կանցնի դեկտեմբերի 6-ին:

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»:

Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---