14 նոյեմբերի 2006 - 14:48 AMT
Այսօր տեղի կունենա Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի ընդլայնված նիստը
Հայաստան-Եվրոպական Միություն Համագործակցության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի եւ Վրաստանի պետական նախարար Գ. Բարամիձեի հետ հանդիպեց Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը Եվրամիությունը ներկայացնում էին Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրքի Տուոմիոյան, ԵՄ արտաքին քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան, Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները, Գերմանիայի ԱԳՆ պետական նախարար Գյունտեր Գլոսերը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիտեր Սեմնեբին: Հանդիպմանը քննարկվեց տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Տեղի ունեցավ քննարկում Աբխազիայի, Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործընթացների շուրջ: Այնուհետեւ արծարծվեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Նշենք, որ այսօր նախատեսվում է Հայաստան-Եվրոպական Միություն Համագործակցության խորհրդի հերթական` 7-րդ լիագումար նիստը, որի ընթացքում ընդունվելու եւ ուժի մեջ է մտնելու Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի եւ Եվրոպական Միության Գործողությունների ծրագիրը: