14 նոյեմբերի 2006 - 16:38 AMT
Ուժի մեջ է մտել Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը
Այսօր Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն Համագործակցության խորհրդի 7-րդ լիագումար նիստը, որի ընթացքում հաստատվեց եւ ուժի մեջ մտավ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում Հայաստանի եւ Եվրոպական միության Գործողությունների ծրագիրը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Համագործակցության խորհրդի հայաստանյան համանախագահ, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Եվրոպական կողմից նիստին մասնակցում էին Եվրամիության նախագահության ներկայացուցիչներ` ԵՄ նախագահող, Ֆինլանդիայի արտաքին առեւտրի եւ զարգացման նախարար Պաոլա Լեհտոմակին, Գերմանիայի պետական նախարար Գյունտեր Գլոսերը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիտեր Սեմնեբին, Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան այլ անձինք:Պաոլա Լեհտոմակին բարձր գնահատական տվեց Հայաստանի եւ Եվրամիության համատեղ մշակած Գործողությունների ծրագրին` հավաստելով փաստաթղթի դրույթների իրագործմանն անցնելու ԵՄ պատրաստակամությունը: Նիստի ընթացքում քննարկվեցին քաղաքական հարցեր, ներառյալ ներքին բարեփոխումները, մարդու իրավունքներին առնչվող հարցերը: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում էներգետիկ խնդիրների շուրջ: Հայկական կողմը ներկայացրեց Հայաստանում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ընթացքը:

Նիստից հետո տեղի ունեցավ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում Հայաստանի եւ Եվրամիության Գործողությունների ծրագրի պաշտոնական ընդունման հանդիսավոր արարողությունը: Գործողությունների ծրագրի իրագործման գործընթացը նախատեսում է համագործակցությունից դեպի առավել բարձր մակարդակի ինտեգրման հնարավորություն` ներառյալ ԵՄ ներքին շուկայում եւ առանցքային ուղղություններով ԵՄ քաղաքականությունում եւ ծրագրերում Հայաստանի մասնակցության հնարավորությունը: ԵՀՔ Գործողությունների ծրագրով Հայաստանին առաջարկվում է քաղաքական, անվտանգության, տնտեսական եւ մշակութային ինտենսիվ հարաբերություններ հաստատել ԵՄ հետ: Քաղաքական երկխոսության համար մեխանիզմների հետագա զարգացման միջոցով նախատեսվում է քաղաքական համագործակցության շրջանակների ընդլայնում եւ խորացում: Փաստաթղթի իրագործման արդյունքում Հայաստանի սոցիալական, քաղաքական, տնտեսական համակարգերը ավելի կմոտենան եվրոպականին:

Գործողությունների ծրագրով հատուկ նշանակություն է տրվում Հայաստանի եւ ԵՄ տնտեսական համագործակցությանը` ԵՄ կողմից հավելյալ ֆինանսական աջակցության, առեւտրային եւ տնտեսական հարաբերությունների խորացման, տնտեսական օրենսդրության ներդաշնակեցման, առեւտրային ոչ-տարիֆային արգելքների շարունակական կրճատման միջոցով, ինչը կնպաստի ներդրումների, արտահանման եւ տնտեսության աճին: ԵՄ ֆինանսական աջակցությունը Հայաստանին արտահայտվելու է նաեւ Եվրոպական հանձնաժողովի առաջարկած` Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի (European Neighbourhood and Partnership Instrument - ENPI) միջոցով, որը կներառի ԵՄ ֆինանսական աջակցության հիմնական մասը եւ կօգտագործվի նաեւ անդրսահմանային եւ միջազգային համագործակցության նպատակների համար: Օրվա երկրորդ կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների մասնակցությամբ տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: