ՀՀ-ում նեոնատալ բժշկության զարգացումը՝ գերակա նպատակ

ՀՀ-ում նեոնատալ բժշկության զարգացումը՝ գերակա նպատակ

PanARMENIAN.Net - 2015 թվականին լրանում է BirthLink ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության ութերորդ տարին: Ծրագրի նպատակն է կրճատել նորածնային մահացության և հիվանդացության մակարդակը՝ առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին պատշաճ բուժօգնություն ապահովելու միջոցով: Մինչև օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 600 մլն դրամ է հատկացրել Երևանի և մարզերի քառասուներեք նորածնային բաժանմունքի, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ծրագրի առանցքում նորածնային բաժանմունքների վերազինումն է և բուժանձնակազմի վերապատրաստումը, ինչը հնարավորություն է տալիս որակյալ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին: Ծրագրի արդյունավետության մասին են փաստում արձանագրվող արդյունքները:

Մինչև 2015թ. նորածնային մահացությունը վերացնելու՝ հազարամյակի զարգացման նպատակի շրջանակներում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ դեռևս անելիքներ կան կանանց և նորածինների առողջության ոլորտում՝ հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում մինչև հինգ տարեկան երեխաների մահացության 44%-ը կազմում են նորածնային մահացության դեպքերը: Ներկայումս հասանելի են մատչելի լուծումներ՝ երեխաներին իրենց կյանքի ամենավտանգավոր՝ լույս աշխարհ գալու օրվա ընթացքում պաշտպանելու և մայրերի մոտ հնարավոր բարդությունների առաջացումը կանխարգելելու համար: «BirthLink» ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ծրագիրը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այդ խոցելի ժամանակահատվածում որակյալ բուժօգնության ապահովմանը: Նորածնային մահացության դեպքերի 80%-ը հնարավոր է կանխել, սակայն նպատակի իրագործման համար անհրաժեշտ է ոլորտի բոլոր բուժաշխատողների ներգրավվածությունը:

Որպես «BirthLink»-ի հետ ութնամյա համագործակցության շարունակություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գրասենյակում երկօրյա վերապատրաստում է կազմակերպել մարզերի և Երևանի նորածնային բաժանմունքների նեոնատոլոգների համար: Ծրագրի նպատակն է բարձրացնել բուժօգնության և նորածնային խնամքի մակարդակը, ինչպես նաև առավել խորը պատկերացում տալ նորածնային մահացության և հիվանդացության մասշտաբների և խնդրի լուծման տարբերակների մասին: Սեմինարի ընթացքում կներկայացվի նոր՝ նորածինների տվյալների բազա ապահովող ծրագիրը, որը թույլ է տալիս վերահսկել ինտենսիվ խնամքի կարիք ունեցող նորածինների առողջական վիճակը:

Սեմինարի մասնակիցներին ողջունել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «BirthLink» ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորը և Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:

«Առողջ երեխան ընտանիքի առանցքն է, իսկ ընտանիքը՝ կայուն հասարակության երաշխիքը: Կայուն հասարակությունն էլ, իր հերթին, ցանկացած երկրի զարգացման և առաջընթացի նախապայման է: Մենք վճռական ենք պայքարելու Հայաստանում ծնված յուրաքանչյուր երեխայի համար: Մենք ուզում ենք, որ երեխաները ոչ միայն երջանկություն պարգևեն իրենց ծնողներին, այլև՝ լինեն առողջ, արժանավոր մարդիկ և քաղաքացիներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «BirthLink» ՀԿ-ն այս պայքարում ուս-ուսի տված օգնում են հայաստանյան բժիշկներին՝ նրանց ապահովելով ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով, այլև՝ հոգեբանական աջակցությամբ՝ դժվարին, բայց և անգերագնահատելի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Նորածինների խնամքի պայմանների բարելավմանն ուղղված՝ «BirthLink»-ի համագործակցությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ շարունակվում է արդեն ութերորդ տարին: Հայաստանում նորածնային մահացությունը նվազում է և տվյալների բազայի նոր ծրագրի ներդրումը կարևոր քայլ է այդ ցուցանիշի նվազման միտումը պահելու ուղղությամբ»,- հայտարարել է «BirthLink» ՀԿ տնօրեն Քեթի Մելորը:

 Ուշագրավ
Դատարանները կքննեն կոռուպցիոն գործարքները, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման հայցերը
Առկա ուսուցումը Երևանի հանրակրթական ուսումնական հաստատություններում վերսկսվում է
Այն արձանագրվել է Սյունիքի «Արևիք» ազգային պարկում
Սաղաթելյանը նշել է, որ մեղադրանքում նկարագրված գործողությունների հետ ինքը կապ չունի, այն «երևակայական է»