ԱԷԱԽ նախագահ. ՀՀ ատոմակայանը բացարձակ անվտանգ է

ԱԷԱԽ նախագահ. ՀՀ ատոմակայանը բացարձակ անվտանգ է

PanARMENIAN.Net - Հայաստանի ատոմակայանը բացարձակ անվտանգ է, աշխարհի նմանատիպ մի շարք ատոմակայանների պես։ Այս մասին հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահին կից ազգային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է խորհրդի նախագահ, Մյունխենի տեխնիկական համալսարանի ռեակտորների անվտանգության և դինամիկայի ամբիոնի ղեկավար Ադոլֆ Բիրկհոֆերը։

«Հայաստանը այդ մակարդակին հասել է երկար տարիների ընթացքում», - ասել է նա։

Խորհրդի գործադիր քարտուղար, «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն Վահրամ Պետրոսյանն իր հերթին տեղեկացրել է, որ խորհրդին քննարկվել են վերջին երկու տարում ատոմային էլեկտրակայանում իրականացված աշխատանքները՝ պարզելու թե ինչքանով է բարձրացվել ատոմակայանի անվտանգությունը, գրում է Tert.am-ը:

«Խոսվեց ատոմակայանի աշծատանքի տևողության երկարացման հարցի մասին։ Ընդհանրապես ամբողջ աշխարհում ատոմակայանի 5-րդ էներգաբլոկի նման բլոկների կյանքը երկարացվում է 15 և ավելի տարիներով։ Օրինակ՝ Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Ուկրաինայում երկարացվել է։ Եթե ատոմակայանի նախագծային կյանքի տևողությունը 30 տարի է, ապա այն մինչև 30 տարի էլ կարելի է երկարացնել։ Մենք առայժմ ձեռնամուխ ենք եղել երկարացնելու 10 տարով», - ասել է նա:

Ինչ վերաբերում է նոր էներգաբլոկի կառուցմանը, ապա Պետրոսյանը նշել է, որ այս տարիները հնարավորություն են տալիս ընտրելու, թե ինչպիսին պետք է լինի նոր էներգաբլոկը։

«Հիմա միջազգային շուկա են մտնում միջին ու ցածր հզորության ատոմային էլեկտրակայաններ։ Մենք ուզում ենք նման միջուկային էներգաբլոկ ունենանք՝ 300-600 մեգավատ հզորությամբ։ Նոր զարգացող երկրները ներկայումս գնում են նրան, որ անպայման ունենան միջուկային էներգաբլոկ՝ ոչ մեծ հզորության։ Հետևաբար շուտով տարբեր էներգաբլոկներ կմտնեն շուկա, ու մինչև գործող էներգաբլոկի գործարկման ավարտը կընտրենք տեսակը ու կունենանք նոր էներգաբլոկ», - ասել է նա:

Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագիրն իրականացվում է երկու փուլով.

1. ԱԷԿ համակարգերի, սարքավորումների, բաղադրիչների և կառույցների հետազոտման համապարփակ ծրագիր,

2. լրացուցիչ ժամանակահատվածում շահագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փոփոխությունների իրականացում և արդիականացում, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում` հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացված սթրես-թեսթի արդյունքների վերաբերյալ ներկայացված զեկույցը: Առաջին փուլի աշխատանքները կավարտվեն 2016-ին, իսկ ամբողջ աշխատանքը՝ 2018-ին:

Ռուսաստանն ու Հայաստանը դեկտեմբերի 20-ին հայկական ԱԷԿ–ի 2–րդ բլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ գործակցության համաձայնագիր են ստորագրել: Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016-ի սեպտեմբերին։ Համաձայնագրով նախատեսվում է դրա շահագործման ժամկետի երկարաձգում:

Հայաստանի տարածքում գործող միակ ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման աշխատանքների անցկացման վերաբերյալ աջակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2013-ին: Այդ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում Ռոսատոմի մասնագետներն արդեն անցկացրել են էներգաբլոկի նախնական զննում և հետագա գործողությունների ծրագիր կազմել։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև վարկային համաձայնագրի նախագծին, ըստ որի` Ռուսաստանի տրամադրած 270 միլիոն դոլար վարկը ուղղվելու է Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվել է 10 տարի ժամկետով տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, առաջին վճարումը պետք է կատարվի 2019-ի հունվարի 15-ին:

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, ինչպես նաև այն, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվել է, ՀՀ կառավարությունը որոշել է շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ.:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---