Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը ԵԱՀԿ դիտարկման ժամանակ (թարմացված)

Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը ԵԱՀԿ դիտարկման ժամանակ (թարմացված)

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից:

Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Հրադադարի խախտման դեպքից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույն օրը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ անցկացված դիտարկման ժամանակ հայկական կողմն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Ավելի ուշ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի այս հայտարարությունը հակառակորդի կողմից կիրառվող հերթական քարոզչական հնարքն է և իրականությանը չի համատասխանում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացված դիտարկման ամբողջ ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել ձեռք բերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:

Ընդհակառակը՝ դիտարկման ավարտին ադրբեջանական կողմը, իրեն բնորոշ գործելաոճով, ավտոմատ հրազենից կրակահերթեր է արձակել:

«Շփման գիծն անցնելիս շարունակվող կրակոցները ԵԱՀԿ դիտորդներին ստիպեցին պատսպարվել. սա անընդունելի է» ,- գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ուորլիքի գրառմանը արձագանքել է ԼՂՀ վարչապետի մամուլիս խոսնակ Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանական կողմն է կրակել միջնորդների ուղղությամբ, և սա առաջին դեպքը չէ: Հուսով եմ՝ միջնորդները չեն խուսափի ճշմարտությունը ասելուց», - գրել է նաTwitter-ի իր միկրոբլոգում:

ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման ՄԽ համանախագահները Հայաստանում են հոկտեմբերի 26-ից: Նրանց ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը համանախագահներին կոչ է արել հետևողական լինել Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետաքննության և դատապարտման գործում, որը նախագահի համոզմամբ, չափազանց կարևոր է հրադադարի ռեժիմի պահպանման, դրա խախտումների բացառման տեսանկյունից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու շուրջ։

«Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները զուգորդվում են Բաքվում ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հայտարարություններով ու սպառնալիքներով, թշնամանքի և ատելության քարոզչությամբ։ Ադրբեջանի կողմից միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու համանախագահների հասցեական հրապարակային կոչի մերժումը վկայում է, որ Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը», - ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---