15 նոյեմբերի 2006 - 13:04 AMT
ԵՄ-ն ուշադրությամբ հետեւելու է Հայաստանում սպասվող ընտրություններին
Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ գործողությունների ծրագրի ստորագրումը բնութագրեց իբրեւ «նոր փուլ»: «Մենք այսօր նոր փուլ ենք սկսում: Մենք ցանկանում ենք մեր արժեքները` մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, փոխադրել այս երկրներ: Մենք լսում ենք նաեւ նրանց ցանկությունները: Բայց մեզ համար կարեւոր է խթանել տարածաշրջանային համագործակցությունը», - հայտարարել է նա «Ազատություն» ռադիոկայանին: Իր հերթին, Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, ավելի պարզ բացատրելով, թե ինչ կտա Հայաստանին Եվրամիության հարեւանության գործողությունների ծրագիրը, ասաց. - «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը, նախ եւ առաջ, որոշ փող կտրամադրի, բայց այդ փողը պետք է օգտագործվի այս հասարակությունները` Ադրբեջանը եւ Հայաստանը, վերափոխելու համար, դրանք ավելի եվրոպական դարձնելու համար»: Նրա խոսքերով, ԵՄ-ն մեծ ուշադրությամբ է հետեւելու Հայաստանում սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին, որոնք կարեւոր քննություն են լինելու Հայաստանի համար: