Պենտագոնը հայտարարել է Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու մտադրության մասին

Պենտագոնը հայտարարել է Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու մտադրության մասին

PanARMENIAN.Net - Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության գերատեսչությունը մտադիր է ցամաքային գործողություն սկսել Սիրիայում: Համապատասխան հայտարարությունը նա արել է ԱՄՆ Սենատում իր ելույթի ժամանակ:

«Մենք կսատարենք մեր գործընկերներին ԻՊ ահաբեկիչների դեմ գրոհելու դեպքում, ինչպես նաև չենք խուսափի ինքնուրույն առաքելություն անցկացնելուց, լինեն դրանք հարվածներ օդից, թե ցամաքային գործողություններ»,-ասել է նա:

Հիմնավորելով իր դիրքորոշումը` նախարարը հիշատակել է ԱՄՆ համատեղ գործողություններն Իրաքում քրդերի ինքնապաշտպանական ուժերի հետ, երբ պատանդներ ազատվեցին, սակայն ԻՊ և ԱՄՆ դիմակայության ընթացքւմ առաջին անգամ ամերիկացի զինծառայող զոհվեց:

Քարթերը նաև խոստացել է զգալիորեն սաստկացնել ԱՄՆ կողմից ԻՊ դիրքերի ռմբակոծությունները և նշել է, որ ԱՄՆ զինվորականները կկենտրոնանան Ռաքքայի և Ռամադիի ուղղությամբ մարտերի վրա, քանի որ Ռաքքան համարվում է ԻՊ «մայրաքաղաքը» Սիրիայում, իսկ Ռամադին` Իրաքում:

Ավելի ուշ Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ձեռնպահ կմնա ցամաքային գործողությունից Սիրիայում:

«Մենք մտադիր չենք երկարաժամկետ, լայնամասշտաբ մարտական գործողություններ իրականացնել, Իրաքում և Աֆղանստանում մեր գործողությունների նմանությամբ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմի մամուլի քարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը որոշ հանգամանքներում հնարավոր է համարում «սահմանափակ գործողությունների իրականացումը գործընկերների հետ»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ասել էր, որ «աշխարհն ավելի լավը կլիներ», եթե Իրաքում շարունակեր կառավարել Սադդամ Հուսեյնը: Ըստ միլիարդատիրոջ, Հուսեյնը «լավ գործընկեր էր», նրա կառավարման օրոք ահաբեկչական ոչ մի սպառնալիք չկար, քանի որ նախկին բռնապետն անմիջապես արմատախիլ էր անում այն:

Ինչպես հայտնում է Walls Street Journal-ը, ԱՄՆ պաշտոնյաների վրա հղումով, ԱՄՆ-ն դիտարկում է Սիրիայում ռազմական գործողություններին ցամաքային ուժերի սահմանափակ զորակազմի մասնակցության հնարավորությունը քուրդ աշխարհազորայինների և չափավոր ընդդիմության կազմում: Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, երկրորդ սցենարը պակաս հավանական է թվում:

Սպիտակ տունը նաև դիտարկում է Իրաք «Ապաչ» տիպի 8 ուղղաթիռ ուղարկելու հնարավորությունը` ԻՊ դեմ պայքարի համար, հավելում է պարբերականը: Եթե դա արվի, անհրաժեշտ կլինի նաև հարյուրավոր ԱՄՆ զինվորականների գործուղել Իրաք, գրում է թերթը:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---