16 նոյեմբերի 2006 - 13:21 AMT
Հայոց ցեղասպանության մասին օրինագծի պատճառով Թուրքիան սառեցրել է ռազմական կապերը Ֆրանսիայի հետ
Թուրքիան սառեցրել է ռազմական կապերը Ֆրանսիայի հետ, չորեքշաբթի երեկոյան հաղորդել է CNN-Turk հեռուստակայանը, հղում անելով թուրքական ցամաքային ուժերի գլխավոր հրամանատարին: Բանակի գեներալ Իլկեր Բաշբուղը, պատասխանելով լրագրողների հարցերին Հյուսիսային Կիպրոսում` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը, ասել է նաեւ, որ չեղյալ են հայտարարվել բարձր մակարդակի ռազմական այցելությունները Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ: Թուրքիայի ռազմական գերատեսչության որոշումը պատասխան հանդիսացավ հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծին: Օրինագիծն, ըստ որի Օսմանյան կայսրությունում 1915-1917 թվականներին Հայոց ցեղասպանության ժխտումը հավասարեցվում է քրեական հանցագործության, առաջին ընթերցմամբ ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում հոկտեմբերի 12-ին եւ միանգամից կտրուկ բացասական արձագանք ստացավ Անկարայում: Պաշտոնական թուրքական իշխանությունները սպառնացին Փարիզին պատժամիջոցներով: Թուրքական գործարար շրջանակների ներկայացուցիչներն իրենց հերթին սպառնացին բոյկոտել ֆրանսիական ապրանքները: Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կազմում է շուրջ 10 միլիարդ դոլար: Օրենքի ուժ ստանալու համար հարկավոր է, որ այն հաստատի Սենատը, իսկ հետո ստորագրի Ֆրանսիայի նախագահը: Եվրոպական հանձնաժողովն արդեն քննադատել է նման փաստաթղթի ընդունումն, անվանելով այն «խոչընդոտող պետությունների բարեկամական ջանքերին»: «Այն դեպքում, եթե օրենքը ուժի մեջ մտնի, այն կարող է դժվարացնել երկխոսությունը, որն անհրաժեշտ է ընդհանուր եվրոպական ընտանիքին անդամակցության շուրջ Եվրամիության եւ Թուրքիայի դիրքորոշումների համաձայնեցման համար»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: