Վանաձորի Թումոն 1000-ից 2000 ուսանող կունենա

Վանաձորի Թումոն  1000-ից 2000 ուսանող կունենա

PanARMENIAN.Net - Վանաձոր քաղաքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն, որը նախատեսվում է բացել 2016-ին, կհյուրընկալի 1000-ից 2000 ուսանողների: Այս մասին հայտնում է Թումո հաղորդակցման բաժինը:

Վանաձորի «Թումոն»12-18 տարեկան պատանիներին կառաջարկի գիտելիքներ չորս հիմնական ոլորտում՝ կայքերի մշակում, խաղերի ստեղծում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում: Այդ չորսի հետ մեկտեղ վանաձորցի ուսանողները կուսումնասիրեն ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, լուսանկարչություն, գրաֆիկ դիզայն, երաժշտություն, նկարչություն և ավելին: Ուսանողները 21-րդ դարի ամենաարդի հմտությունները ձեռք կբերեն ինքնուսուցման և Երևանից ու արտերկրից ժամանող մասնագետների կողմից վարվող դասընթացների միջոցով:

Կենտրոնը բացման նախաձեռնողն է ՀՀ կառավարությունը, իսկ գործարկումն ու ծրագրի իրականացումը հանձն կառնի Սիմոնյան կրթական հիմնադրամը:

Վանաձորի «Թումոյում» ուսումը անվճար կլինի, ինչպես և այժմ գործող բոլոր չորս կենտրոնում՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում:

Վանաձորում ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը ևս մեկ քայլ է Հայաստանի և Արցախի պատանիների հորիզոնները լայնացնելու և ներուժը բացահայտելու, մրցունակ և ճկուն մասնագետներ պատրաստելու և ստարտափ ընկերությունների ստեղծմանը աջակցելու առաքելության իրականացման ճանապարհին: Ունենալով Թումո յուրաքանչյուր քաղաքում, որի բնակչությունը՝ հարևան տեղանքները ներառյալ, կարող է ապահովել առնվազն 500 ուսանող, հնարավորություն կլինի Հայաստանի արվեստի և տեխնոլոգիաների ոլորտը դարձնել տարածաշրջանում ամենազարգացածն ու դինամիկը:

Թումո կենտրոնն անվճար արտադպրոցական ծրագիր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումոն ստեղծվել է Երևանում՝ Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների առջև 2011-ի օգոստոսի 14-ին:

Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013-ի փետրվարից Թումոն գործում է նաև Դիլիջանում (մոտ 300 ուսանող ունի): ԹՈՒՄՈxՀԲԸՄ գործակցությամբ 2015-ի մայիսին նաև բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: 2015-ի սեպտեմբերի 2-ին Թումո կենտրոն է բացվել ԼՂՀ մայրաքաղաքում:

Գործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի այլ քաղաքներով, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---