Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը որոշել է չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ինչպես հայտնում է Minval.az-ը, այդ մասին հոկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին վարչության նիստից անմիջապես հետո: Ընտրություններին մասնակցելու էր «Մուսավաթի» 25 թեկնածու:

Ավելի վաղ կուսակցությունն առաջարկել էր իշխանություններին դադարեցնել ընտրարշավն ու հետաձգել ընտրությունները 4 ամսով` մինչև այդ ազատելով բոլոր քաղբանտարկյալներին, ստեղծելով հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի և թեկնածուների համար:

Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 1-ին: Լուրջ քաղաքական ընդդիմադիրների բացակայության պայմաններում ակնկալվում է իշխող «Ենի Ադրբեջան« կուսակցության հաղթանակը: Ադրբեջանի իշխանությունները ստեղծում են «անկախ» թեկնածուների քանակի աճի իմիտացիա: Միջազգային կառույցները բավականին խիստ դիրքորոշում ունեն առաջիկա ընտրությունների հարցում:

2015-ի սեպտեմբերի 11-ին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Մայքլ Լինքը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների սահմանափակումների պատճառով ԺՀՄԻԳ-ը ստիպված էր հրաժարվել ընտրությունների դիտարկումից: Ավելի վաղ հաստատությունը մտադիր էր 380 դիտորդ գործուղել Ադրբեջան: ԵԱՀԿ ԽՎ-ն նույնպես հրաժարվել է դիտորդական առաքելությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---