ՄԱԿ. Մոտ $20 մլրդ է հարկավոր փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար

ՄԱԿ. Մոտ $20 մլրդ է հարկավոր փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար

PanARMENIAN.Net - Մոտ 20 մլրդ դոլար է հարկավոր աշխարհի հումանիտար կազմակերպություններն արտակարգ իրավիճակներից տուժածներին, փախստականներին և բռնի տեղահանվածներին նվազագույն մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, հայտնել է ՄԱԿ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Ուկրաինայի համար հումանիտար հարցերի համակարգման տարածաշրջանային վարչության ղեկավար Մարսել Վասսենը:

ՄԱԿ ներկայացուցիչը հայտարարել է այդ մասին Մոսկվայում` ՀԱՊԿ պետությունների փրկարար ծառայությունների ուսումնական հաստատությունների խորհրդակցության ժամանակ: Նա ասել է, որ այսօրվա դրությամբ վերաբնակների քանակն աշխարհում հասնում է 60 միլիոնի, իսկ պատերազմներից և տարերային աղետներից տուժածների թիվը հասնում է 100 մլն:

«2004 թվականին սուր հումանիտար հարցերի լուծման համար ծախսվել է մոտ 3 մլրդ դոլար: Այդ օրվանից թիվն աճել է 430%-ով և պահանջվում է մոտ 20 մլրդ դոլար»,-ասել է նա: Նա նշել է, որ այդ գումարը հարկավոր է միայն ամենաառաջնային կարիքները հոգալու համար` սնունդ, առողջապահություն, ժամանակավոր կացարաններ, որպեսզի մարդիկ գոնե վրաններում ապրեն, ոչ թե բաց երկնքի տակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մինչդեռ Շվեդիայում շարունակում են հրկիզել միգրանտների տեղակայման կենտրոնները: Հոկտեմբերի 29-ին անհայտները հրաբորբոք հեղուկ են նետել փախստական երեխաների կացարան, որոնք այդ երկրում են հայտնվել առանց ծնողների ուղեկցության: Հոկտեմբերի սկզբից Շվեդիայում միգրանտների բնակության վայրերի հրկիզման կամ հրկիզման փորձի 14 դեպք է արձանագրվել: Միգրացիոն վարչությունն ու սոցիալական ծառայությունները որոշել են գաղտնի պահել ներգաղթյալների բնակեցման վայրերը: Ոստիկանությունը խոստացել է խստացնել հսկողությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---