Հանրային հ/ը-ով և ռադիոյով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակացույցը հայտնի է

Հանրային հ/ը-ով և ռադիոյով սահմանադրական հանրաքվեի  քարոզարշավի ժամանակացույցը հայտնի է

PanARMENIAN.Net - ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ի նիստում հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզչության համար Ազգային ժողովի խմբակցություններին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը, համաձայն որի, խմբակցություններին հանրաքվեի քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:

ԱԺ խմբակցություններին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով` ժամը 13:30-ից և ժամը 21:40-ից: Համաձայն սահմանված կարգի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե:

ԱԺ խմբակցություններին հանրաքվեի քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) 2015-ի նոյեմբերի 6-ից մինչև 2015լ-ի նոյեմբերի 30-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով.

2) 2015-ի դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 2-ին՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով.

3) 2015-ի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 4-ին՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով։

Հանրային ռադիոն տրամադրում է 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) 2015-ի նոյեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով.

2) 2015-ի դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 2-ին՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար, 2015-ի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ՝ օրական երկու անգամ մինչև 4-ական րոպե վճարովի.

3) 2015-ի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 4-ին՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար, դեկտեմբերի 4-ին՝ օրական երկու անգամ մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով։

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը սահմանել է ԱԺ խմբակցություններին հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով անվճար, վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամը սահմանված ժամանակացույցին համապատասխան չօգտագործելու դեպքում Ազգային ժողովի խմբակցությանը դրա փոխարեն այլ եթերաժամ չի տրամադրվում, ինչպես նաև խմբակցությանը տրամադրված եթերաժամն այլ խմբակցությանը կողմից օգտագործվել չի կարող:

Նիստում քննարկվել են նաև Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Քաղաքացիական շտաբ» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումները:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիմումի քննությամբ` ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը որոշել է դիմումը բավարարել, պայմանավորված տեղամասային հանձնաժողովներում ներկայացվածությունը հնարավորինս լիարժեք ապահովելու և, ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանմամբ, իրավասու սուբյեկտների կողմից հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում անդամ նշանակելու իրավասությունն իրացնելու առավելագույն հնարավորություն ապահովելու նպատակներով: Արդյունքում, 2012-ին 3տարի ժամկետով տրված ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականների ուժի մեջ գտնվելու ժամկետը երկարաձգել է, և դրանք համարվել են վավեր մինչև հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարման ժամկետի ավարտը:

«Քաղաքացիական շտաբ» քաղաքացիա-իրավական հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման մասին դիմումը մերժվել է, քանի որ կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

2015-ի դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն կազմակերպելու և անցկացնելու նպատակով հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով և ժամկետում կազմավորվել են 1.997 տեղամաս:

Սահմանվել են տեղամասերի հերթական համարները և տեղամասային կենտրոնները:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել է ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամների` էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակը:

Ըստ այդմ` հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի:

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»:

Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---