Նույնականացման քարտով քվեարկության իրավունք տվող օրինագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունել է

Նույնականացման քարտով քվեարկության իրավունք տվող օրինագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունել է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում քվեարկության է դրվել «ՀՀ ընտրական օրենսգրքում» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին» նախագծի փաթեթը:

81 կողմ, 16 դեմ, 14 ձեռնպահ ձայնով նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Առաջիկա սահմանադրական հանրաքվեի խնդիրներից է նույնականացման քարտերի հարցը. արդյոք ՀՀ քաղաքացիները պետք է իրավունք ունենան նույնականացման քարտով քվեարկել, թե՝ ոչ:

Հայաստանի խորհրդարանի իշխող Հանրապետական կուսակցության չորս պատգամավոր` Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մինասյանը և Գագիկ Մելիքյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Նրանք առաջարկում են փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում, որպեսզի ընտրողներն իրավունք ստանան քվեարկությանը մասնակցել նաև նույնականացման քարտերով: Իսկ որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ նույնականացման քարտը, ըստ ՀՀ օրենսդրության, նույնպես անձը հաստատող փաստաթուղթ է:

Քվեարկության ժամանակ ընտրողի անձնագրում, զինվորական գրքույկում կամ անձնագրին փոխարինող փաստաթղթում կնիք է դրվում, ինչը հնարավոր չի լինի անել նույնականացման քարտով քվեարկելու դեպքում:

Պատգամավորներն ելույթներ են ունեցել «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն անդրադարձել է հանրապետության որոշ ընտրատարածքների ընտրացուցակներին և ներկայացրել իր հայտնաբերած խախտումները: Նա առաջարկել է քվեարկությունների հաջորդ օրը տպագրել և ցուցադրել քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակը:

Անդրադառնալով գործընկերների ելույթներին՝ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը նշել է, որ նախագծի նպատակը հանրապետության 182.000 քաղաքացու ընտրական իրավունքի իրացումն է: Նա նաև պարզաբանել է, որ նույնականացման քարտն անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ է, որով քաղաքացին պետք է կարողանա իրականացնել իր ընտրական իրավունքը: Նա ներկայացրել է նաև քվեարկության վերահսկողական մեխանիզմները:

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը խոսել է ընտրական գործընթացների վերահսկողության մեխանիզմների բացակայությունից, նշել, որ նույնականացման քարտերով քվեարկության արդյունքների վերաբերյալ որոշակի կասկածներ կան:

Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը քննադատել է օրենսդրական փաթեթը, խոսել սահմանադրական փոփոխությունների նպատակներից և ընտրական գործընթացներից: ՀՅԴ-իցԱրծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին. այս համատեքստում նա կարևորել է դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեի արդար անցկացումը, առաջարկներ ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանը շնորհակալություն է հայտնել օրենսդրական փաթեթի և առաջարկների հեղինակներին, կարևորել փաթեթի ընդունումը, անդրադարձել գործընկերների քննադատական ելույթներին:

Անկախ պատգամավորԷդմոն Մարուքյանը խոսել է վերահսկողական մեխանիզմներից, քննադատաբար արտահայտվել ընտրողի ձեռքին դրոշմակնիք դնելու՝ որոշ գործընկերների առաջարկի վերաբերյալ: Պատգամավորն անընդունելի է համարել այն մոտեցումը, ըստ որի՝ նույնականացման քարտ ունեցող 182,000 քաղաքացին կարող են դիմել ընտրակեղծիքների: Սուքիաս Ավետիսյանն անդրադարձել է այն ելույթներին, որոնք անվստահություն են առաջացնում առաջիկա հանրաքվեի նկատմամբ: Նա ևս ընդգծել է, որ փաթեթով ընդամենը վերականգնվելու է նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների ընտրական իրավունքը:

ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը խոսել է քաղաքացիների՝ անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ, ներկայացրել այս մասով ՀՀ ընտրական օրենսգրքի անկատարությունը: Ըստ նրա՝ քննարկվող փաթեթը որոշ քաղաքացիների՝ կրկնակի քվեարկելու հնարավորություն է ընձեռելու: ՀՅԴ-ական Թևան Պողոսյանն անդրադարձել է օրենսդրական գործընթացներին, խոսել ոլորտի խնդիրներից: Պատգամավորը կարևորել է ընտրական գործընթացների նկատմամբ հանրության կորսված վստահության վերականգնումը:

Փաթեթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ԱԺ խմբակցությունները:

Ներկայացնելով ՕԵԿ խմբակցության դիրքորոշումը՝ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հույս է հայտնել, որ քննարկումները կարող են նպաստել առաջիկա հանրաքվեի ազատ և արդար անցկացմանը: Ըստ Բիշարյանի՝ ՕԵԿ խմբակցությունը և քաղաքական ուժը ցանկանում է փոխհամաձայնության միջոցով գտնել այնպիսի լուծում, ինչը թույլ կտա հանրաքվեի օրը ունենալ վերահսկման հստակ մեխանիզմներ:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Աղվան Վարդանյանը: Նա նշել է, որ խմբակցության քվեարկությունը պայանավորված է հեղինակների կողմից իրենց առաջարկների ընդունմամբ: Խմբակցությունը օրենքը բարելավելու և հանրաքվեի հանդեպ վստահությունը մեծացնելու 4 տարբերակ է առաջարկել: Ըստ Վարդանյանի՝ կառավարությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի, որպեսզի ՀՀ քաղաքացիները անձը հաստատող մեկ միասնական փաստաթուղթ ունենան:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա խոսել է ընտրակեղծիքներից, ընտրակաշառք բաժանելուց, բազմակի քվեարկությունը բացառելուն ուղղված վերահսկողական մեխանիզմներից: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ հանրաքվեի ժամանակ նույնականացման քարտերի օրինականացումը նոր հնարավորություն կստեղծի բազմակի քվեարկություն կատարելու համար: Ըստ Զուրաբյանի՝ բազմակի քվեարկությունը կանխարգելելու գործում մեկ քայլ առաջ է մատի թանաքոտելը:

ԲՀԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ նույնականացման քարտերով քվեարկությունը ընթացակարգային հարց է, սակայն պահանջում է քաղաքական լուծում: Այս համատեսքստում Մելքումյանն առաջարկել է քաղաքական մեծամասնությանն ընդունել ԱԺ 5 խմբակցության՝ հանրաքվեի ընթացքում մատը թանաքոտելու առաջարկը: Պատգամավորը խոսել է նաև ընտրությունների տեխնիկական խնդիրներից, կարևոր համարել առաջիկա հանրաքվեն պատշաճ մակարդակով կազմակերպումը: Խմբակցության պատգամավորները քվեարկելու են ազատ:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ որոշ պատգամավորների ելույթներում հնչել են սկզբունքային առաջարկներ: Ըստ Բաղդասարյանի՝ ընտրությունները բարձր մակարդակով և թափանցիկ անցկացնելու համար կարևոր է քաղաքական կամքի առկայությունը: Խմբակցության ղեկավարը, համաձայնելով, որ ոլորտում կան խնդիրներ՝ կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին առաջինից երկրորդ ընթերցում քննարկել և փորձել գտնել դրանց լուծման մեխանիզմները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---