Հայամետ հանրապետական Ռայանն ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

Հայամետ հանրապետական Ռայանն ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

PanARMENIAN.Net - Հանրապետական Փոլ Ռայանն ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 236 կոնգրեսական: Հաղթանակի համար անհրաժեշտ էր ստանալ 218 քվե: Դեմոկրատական խմբակցության առաջնորդի օգտին քվեարկել է 184 օրենսդիր:

Ռայանը դարձավ 62-րդ խոսնակը Ներկայացուցիչների պալատի պատմության մեջ: ԱՄՆ-ում այս պաշտոնը երրորդն է համարվում նախագահի և փոխանագահի պաշտոննեից հետո: Գործող խոսնակ Ջոն Բեյները լիազորությունները վայր կդնի ընթացիկ ամսվա ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նրա հրաժարականի պատճառներից մեկը մի խումբ կոնգրեսականների այցն էր Ադրբեջան 2013-ի մայիսին: Այդ այցելության նախաձեռնողը ոչ կառավարական կազմակերպություն էր, սակայն, հետագայում պարզվեց, որ այն ֆինանսավորվել է ադրբեջանական SOCAR ընկերության կողմից: Ըստ Կոնգրեսի օրենսդրության, խորհրդարանականները նման ուղևորությունները պետք է համաձայնեցնեն էթիկայի հանձնախմբի հետ: Այս հարցի շուրջ սկանդալը դեռ չի մարել, թեև Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնախումբը խախտումներ չհայտնաբերեց: Այժմ, ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, Բեյների պաշտոնանկությունից հետո հնարավոր է նոր հետաքննություն սկսվի:

45-ամյա Փոլ Ռայանը վերջին 150 տարիների ընթացքում ԱՄՆ-ի երրորդ ամենակարևոր պաշտոնը զբաղեցնող ամենաերիտասարդ քաղաքական գործիչն է,

Օրերս Ռայանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «սխալ ուղղությամբ է գնում»: Նա ասել է, որ «Ներկայացուցիչների պալատի անդամները պարտավոր են աշխատել ի շահ երկրի և այլընտրանք տալ նրան»: Փոլ Ռայանի խոսքով, Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է արմատական բարեփոխումներ կատարել՝ ամերիկացիների կյանքի բարելավման ուղղությամբ:

Փոլ Ռայանի ընտրությունը խոսնակի պաշտոնում ողջունել են Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչների խոսքով, կոնգրեսական ընտրվելուց ի վեր Ռայանն աջակցել է հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդմանը, հայտնում է Civilnet-ը:

«Տարեցտարի նա աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված օրինագծերի»,- ասել է Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Բրայան Արդունիի խոսքով՝ 1998-ին կոնգրեսական դառնալուց ի վեր, Փոլ Ռայանն անընդմեջ աջակցել է Հայաստանի հետ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը. «Եթե նայեք այս փաստաթղթերին, կտեսնեք, որ Փոլ Ռայանը 2001-ին ստորագրել է նախագահ Բուշին հղված այս նամակը, 2002-ին՝ ահա Փոլ Ռայանի ստորագրությունը, 2004-ին՝ կրկին ստորագրված է Փոլ Ռայանի կողմից, ինչպես նաև այս մեկը՝ 2005-ին»:

28 տարեկանում ընտրվելով Վիսքոնսինի կոնգրեսական՝ Փոլ Ռայանը նաև սերտ համագործակցություն է հաստատել տեղի հայ համայնքի հետ և այդ կապն անընդհատ շարունակվել է, պատմում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը. «2007-ին, երբ Հրանտ Դինքը Պոլսում ենթարկվեց ահաբեկչական հարձակման, կոնգրեսական Ռայանը զորակցեց այդ հարձակումը դատապարտող բանաձևի ընդունմանը»։ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով՝ Միացյալ Նահանգներում բնակվող հայերը մտադիր են շարունակել արդեն խոսնակ Ռայանի հետ ջերմ հարաբերությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---