ԱԳ նախարար. Պարագվայի Սենատը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների կանխարգելման գործում

ԱԳ նախարար. Պարագվայի Սենատը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների կանխարգելման գործում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը», հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը

«Այս քայլով Պարագվայի Սենատը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»,– ասված է հայտարարության մեջ:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը ևս անդրադարձել է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Ցեղասպանության երևույթը չունի վաղեմության ժամկետ, ինչն էլ այսօր Պարագվայի սենատն ամրագրեց իր բանաձևով»,-ասել է նա: Նա կարևորել է Պարագվայի սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը, շնորհակալություն հայտնել Պարագվայի սենատի գործընկերներին՝ բանաձև ընդունելու համար, հայտնում է Panorama.am-ը:

Հոկտեմբերի 29-ին Պարագվայի սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։ Ինչպես հայտնել էր «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը՝ հղում անելով ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին, բանաձևն ընդունվել է միաձայն:

Հարավամերիկյան երկրներից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են Բրազիլիան, Բոլիվիան, Չիլին, Վենեսուելան, Արգենտինան, Ուրուգվայը, ինչպես նաև աշխարհամասի այլ երկրների բազմաթիվ քաղաքներ և նահանգներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---