ԿՀՎ նախկին աշխատակից. Թուրքական կողմը մեծ փողեր է աշխատում ԻՊ գաղտնի նավթամուղից

ԿՀՎ նախկին աշխատակից. Թուրքական կողմը մեծ փողեր է աշխատում ԻՊ գաղտնի նավթամուղից

PanARMENIAN.Net - ԿՀՎ նախկին աշխատակից և ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ավագ քննիչ Ջոն Կիրիակուն ենթադրում է, որ «Իսլամական պետության» գրոհայինները նավթի ապօրինի արտահանումը հիմնականում իրականացնում են Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի տարածքով, ինչին նպաստում են տեղի կոռումպացված իշխանությունները, հայտնել է Sputnik գործակալությունը:

«Ես միշտ ենթադրել եմ, որ թուրքական կողմից ինչ-որ մեկը մեծ փողեր է աշխատում դրա վրա: Չափից շատ են շահագրգիռ մարդիկ, ուղղակի ամեն ինչ դադարեցնելու համար»,-ասել է Կիրիակուն:

Նա նշել է նաև, որ նավթի ամենահարուստ պաշարները գտնվում են Իրաքի հարավում և առաքումների ամենահավանական երթուղին անցնում է քրդերի տարածքով:

Թուրքիան մոտ 60 տարի է, ինչ ԱՄՆ դաշնակիցն է ու ՆԱՏՕ-ի անդամը, սակայն Կիրիակուն ասում է, որ կառավարությունն Անկարայում անզոր է տեղական իշխանությունների դեմ: «Դա պաշտոնական թուրքական կառավարությունը չէ: Հավանաբար, կոռումպացված տարրերը թուրքական բանակում և Թուրքիայի հարավ-արևմուտքի տեղական իշխանությունները ներգրավված են դրանում»,-հավելել է նա:

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, ԻՊ-ն մինչև 1 մլրդ դոլար է ստացել բանկերի հափշտակումից և շարունակում է ամսական 40-50 մլն դոլար վաստակել նավթի վաճառքից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրի իշխանությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար մետաղադրամներ հատող արտադրամաս են հայտնաբերել: ԻՊ-ն ունի ֆինանսավորման սեփական աղբյուրները` գրոհայինները վաճառում են գրավյալ տարածքներում արդյունահանվող նավթը, ինչպես նաև տուրք են հավաքում տեղի բնակիչներից, հայտարարել էր ԱՄՆ ֆինանսների նախարարի ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գծով օգնական Դենիել Գլեյզերը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---