Մոսկվայից մեկնելու արգելքի վերանայումից հետո Լևոն Հայրապետյանը կվերադառնա Ղարաբաղ

Մոսկվայից մեկնելու արգելքի վերանայումից հետո Լևոն Հայրապետյանը կվերադառնա Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը մտադիր է վեռադառնալ Լեռնային Ղարաբաղ, հենց որ վերացվի Մոսկվայից մեկնելու արգելքը: Այդ մասին հայտարարել է ինքը Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Որ մենակ մեր գյուղը չաճի... կողքի գյուղերը, շրջանը Մարտակերտի և ամբողջ Ղարաբաղը», - հավելել է նա:

«Երկու ամիս ես մնացի բանտարկյալի վիճակում, հիվանդանոցում։ Ինձ բաց թողեցին, ոչ մի բան չգտան, հիմա ես ազատ եմ, միայն իրավունք չունեմ Մոսկվայից գնալու և Մոսկվայի մարզից։ Ինձ բռնել են նրա համար, որ ես օգնել եմ ծախել «Բաշնեֆտ»-ը, իսկ օգնությունը հանցագործություն չէ։ Ճիշտն ասած, ես չեմ օգնել, ես դեմ էի», - ասել է Հայրապետյանը:

Սեպտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ քննիչի որոշմամբ «Բաշնեվթ»-ի գործով մեղադրյալ Լևոն Հայրապետյանի խափանման միջոց`տնային կալանքը փոխարինվել է երկրից չհեռանալու ստորագրությամբ: Նման որոշումն ընդունվել է, քանի որ լրացել է օրենքով նախատեսված կալանքի տակ մնալու առավելագույն ժամկետը։ Հայրապետյանի տնային կալանքի ժամկետն ավարտվել է սեպտեմբերի 15-ին:

2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:

Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:

Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ:

Ինքը գործարարը մշտապես հայտարարել է, որ մեղադրանքներն անհիմն են: Հայաստանում և մի շարք երկրներում հայ համայնքի մասնակցությամբ նրա ձերբակալության դեմ բողոքի ակցիաներ տեղի ունեցան

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---