ՀՕՊ միասնական համակարգ, գազ և տնտեսական զարգացում. ԱՊՀ անդամները մոտ 40 փաստաթուղթ են ստորագրել

ՀՕՊ միասնական համակարգ, գազ և տնտեսական զարգացում. ԱՊՀ անդամները մոտ 40 փաստաթուղթ են ստորագրել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Համագործակցության կառավարությունների ղեկավարների նիստում մոտ 40 փաստաթուղթ է ստորագրվել: Փաստաթղթերի մի մասը վերաբերվում է ՀՕՊ համակարգին, ինչպես նաև առևտրատնտեսական գործակցությանը, հումանիտար կապերին, ֆինանսական և սոցիալ-տնտեսական ոլորտին, փոխգործակցությանը իրավապահ ոլորտում:

Մասնավորապես, ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները քննարկել են 2011 թ. հոկտեմբերի 18-ին ստորագրված Ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրով նախատեսված քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Փաստաթուղթ է ստորագրվել նաև արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում փոխգործակցության, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման և զարգացման ֆինանսական ասպեկտների մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նիստի ավարտին նաև հաստատվել է ԱՊՀ անդամ պետություններում միջազգային էլեկտրակապի ծառայությունների տրամադրման ժամանակ միջօպերատորային փոխհաշվարկների իրականացման պայմանների մասին համաձայնագիրը:

Բացի այդ, ընդունվել է մինչև 2020 թ. տրանսպորտային միջոցների համար որպես շարժիչային վառելիք բնական գազի օգտագործման զարգացման ու խթանմանն ուղղված համալիր միջոցների նախագիծը: ԱՊՀ պետությունները նաև սկսել են նախապատրաստվել Համագործակցության ստեղծման 25-ամյա տարեդարձին, որը նշվելու է 2016-ին: Ուստի որոշում է կայացվել միջոցառումների ծրագրի մասին:

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների ընդլայնված կազմով խորհրդի նիստը:

ՀՀ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում եմ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

ԱՊՀ երկրների վարչապետները հանդիպման արդյունքներով ստորագրել են փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել մայիսին Ղրղզստանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---