ANCA. Պարագվայի կողմից Ցեղասպանության ճանաչումը քաջություն է

ANCA.   Պարագվայի կողմից Ցեղասպանության ճանաչումը քաջություն է

PanARMENIAN.Net - Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Պարագվայի խորհրդարանի կողմից հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանության փաստը միաձայն ճանաչելու կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծել է այն մարդկանց քաջությունը, ջանքերն ու նվիրումը, որոնց շնորհիվ պատմական ճշմարտությունը հաղթեց մերժողական ճնշումներին:

«Պարագվայը կամավոր սկզբունքով միացավ հանուն արդարության, ճշմարտության և հիշողության մղվող միջազգային պայքարին և վեր է բարձրացում ժամանակակից ու աջակցող Հարավային Ամերիկայի դրոշները»,-նշվում է հայտարարության մեջ, գրում է Panorama.am-ը:

Նշվում է նաև, որ Պարագվայը իր եղբայրական պետություններ Ուրուգվայի, Չիլիի, Բրազիլիայի, Արգենտինայի, Բոլիվիայի և Վենեսուելայի հետ միասին մեծ ներդրում են ունեցել պատմական արդարության վերականգնման, մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ճանաչման և ժխտողականության դատապարտման գործում:

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը»:

Հարավամերիկյան երկրներից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են Բրազիլիան, Բոլիվիան, Չիլին, Վենեսուելան, Արգենտինան, Ուրուգվայը, ինչպես նաև աշխարհամասի այլ երկրների բազմաթիվ քաղաքներ և նահանգներ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---