Թբիլիսիի Սբ Գևորգ եկեղեցին վերաօծվել է

Թբիլիսիի Սբ Գևորգ եկեղեցին վերաօծվել է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սբ Գևորգ առաջնորդանիստ տաճարը վերաօծվել է՝ Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ:

Արարողությանը ներկա են եղել նախագահ Սերժ Սարգսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, եկեղեցու վերակառուցման ծրագրի բարերար, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով մյուս բարարարների հետ արժանացել է Հայ առաքելական եկեղեցու բարձր պարգևների:

Արարողությունից հետո տեղի է ունեցել եկեղեցու վերակառուցման ծրագրի բարերարների անուններով հուշատախտակի բացումը:

Սբ Գևորգ եկեղեցու (XIII դար) վերականգնման նախագիծը մեկնարկել է 2012-ին՝ դառնալով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կարևոր ծրագրերից մեկը և ստանալով Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու Վրաստանի իշխանությունների աջակցությունը: Եկեղեցու վերակառուցման համար նվիրատվությունների հայթայթման, ֆինանսական հոսքերի կառավարման, ինչպես նաև եկեղեցու և որմնանկարների վերականգնման աշխատանքների տեխնիկական վերահսկողության իրականացման նպատակով նույն թվականին ստեղծվել էր «Սբ Գևորգ եկեղեցու վերակառուցման հիմնադրամ»-ը:

Եկեղեցու վերականգման աշխատանքներում ներգրավվել են ինչպես հայ, այնպես էլ վրացի մասնագետներ՝ ճարտարապետ-վերականգնող Անատոլի Սոլոմնիշվիլին (ով նաև Հավլաբարի XVIIIդ. Սբ Էջմիածին եկեղեցու վերականգնման նախագծերի հեղինակն է), վերականգնող-շինարար Զուրաբ Գաչեչիլաձեն, ՀՀ Մշակույթի նախարարության ավագ ռեստավրատոր, Կոթողային գեղանկարչության վերականգնման գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանը, Վրաստանի Ինժեներական ակադեմիայի Տեխնիկական փորձաքննության բաժնի վարիչ Օթար Չակվետաձեն, ինչպես նաև մասնագետներ Մայր Աթոռ Սբ Էջմիածնից և Մատենադարանից:

Երեք տարի տևած վերականգնողական աշխատանքների ընթացքում ամրացվել է եկեղեցու հիմքը (փոխարինվել է ջրամեկուսիչ հիմքով), կառուցվել է ջրահեռացման համակարգ, ամրացվել են պատերն ու գմբեթը, հեռացվել է արտաքին ծեփապատումն ու վերականգնվել է եկեղեցու սկզբնական՝ աղյուսապատ տեսքը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել եկեղեցու որմնանկարների և իկոնոստասի վերականգնմանը: Եկեղեցու մուտքի և խորանի կողքի պատերը, կամարային որմնախորշերը և սյուները զարդարված են Հովնաթանյանների, Գևորգ Բաշինջաղյանի և անհայտ վարպետների գեղանկարչության նմուշներով: Որմնանկարներն ու իկոնոստաստը վերականգնվել են Կոթողային գեղանկարչության վերականգնման գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների կողմից՝ Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ և իտալացի մասնագետ, Ֆլորենցիայի մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման կենտրոնի ղեկավար Ֆաբրիցիո Յակոբինի խորհրդատվական աջակցությամբ:

Վերականգնման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $3,5 մլն Ծրագրի հիմնական դոնորներն են Վարդանյանների ընտանիքը, Ալբերտ Ավդոլյանը, Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիել Խաչատուրովը, ինչպես նաև Բիձինա Իվանիշվիլին:

Սբ Գևորգ եկեղեցին (կամ Բերդի Մեծ եկեղեցին) Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, եղել է հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը: 14-15 դարերում եկեղեցու գրատանը բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել, որոնք պահվում են Մատենադարանում:

Եկեղեցին բազմիցս տուժել է տարբեր արշավանքներից, բազմիցս հրդեհվել ու վերակառուցվել է: Եկեղեցու բակում են ամփոփված հայ մեծերի՝ Սայաթ-Նովայի, Գևորգ Բաշինջաղյանի, Միքայել Լորիս-Մելիքովի, Արզաս Տեր-Ղուկասովի, Իվան Լազարյանի և Բորիս Շելկովնիկովի աճյունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---