Ադրբեջանի բանակում 3 զինվոր է վիրավորվել. Այս անգամ՝ «ականի պայթյունից»

Ադրբեջանի բանակում 3 զինվոր է վիրավորվել. Այս անգամ՝ «ականի պայթյունից»

PanARMENIAN.Net - ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Ադրբեջանի Թովուզի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանական զինված ուժերի 3 զինծառայող:

Զինծառայողները, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, վիրավորվել են «պատերազմի ժամանակվանից մնացած» ականի վրա պայթելու արդյունքում:

Վիրավորներին ցույց են տվել առաջին բուժօգնություն և տեղափոխել մոտակա զինվորական բուժհաստատություն: Վիրավորման դեպքի հետ կապված Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել, գրում է Razm.info-ն:

Ադրբեջանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուլհեդդին Աքբերը հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ ադրբեջանական հանրությունը պահանջում է երկրի պաշտպանության նախարարությունից չթաքցնել ադրբեջանական բանակում տեղի ունեցող բացասական երևույթներն ու զինվորների մահվան դեպքերը, ինչպես նաև ճշմարտացի և օպերատիվ տեղեկություններ տրամադրել տեղի ունեցած բոլոր պատահարների ու դեպքերի մասին:

«Այստեղ դիմակայող կողմերը առճակատման մեջ են բոլոր ոլորտներում: Այդ պատերազմներն ընթանում են քաղաքական-դիվանագիտական, ֆինանսատնտեսական, սոցիալ-հոգեբանական և այլ ուղղություններով: Այսօր գլխավոր ուղղություններից մեկը տեղեկատվականն է»,-ասել է փորձագետն ու հավելել, որ եթե Ադրբեջանի իշխանությունները իրական տեղեկություններ չտրամադրեն ժողովրդին, ապա կպարտվեն Հայաստանին նաև տեղեկատվական պատերազմում:

Ադրբեջանի ՊՆ-ը սեպտեմբերի 29-ին արված հայտարարությունով լրատվամիջոցներին կոչ էր արել հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, թե «Ադրբեջանի ՊՆ-ն հանրությանը մշտապես տեղեկացնում է առաջնագծում գրանցված միջադեպերի մասին»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---