Թեհրանը սկսել է կատարել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պահանջները

Թեհրանը սկսել է կատարել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պահանջները

PanARMENIAN.Net - Իրանը սկսել է կատարել իր միջուկային ծրագրի բնույթի փոփոխման մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, այդ թվում ձեռնամուխ լինելով ուրանի հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգերի քանակի կրճատմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին ճապոնական «Կիոտո» լրատվականին տված հարցազրույցում: Սալեհին նաև գլխավորում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը:

«Մենք սկսել ենք նախնական աշխատանքները»,-ասել է նա` անդրադառնալով Իրանի և «վեցյակի» միջև համաձայնագրի կատարմանը: «Մասնավորապես, կրճատում ենք ուրանի հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգերի քանակը Նաթանզեի միջուկային կենտրոնում: Սակայն ամբողջովին այն կյանքի կոչելու համար ժամանակ է պետք»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Տոկիոյում Սալեհին բանակցում է ատոմային անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ, քանի որ ավելի վաղ Իրանի և Ճապոնիայի ԱԳ նախարարներ Ջավադ Զարիֆն ու Ֆումիո Կիսիդան պայմանավորվել էին ակտիվացնել փոխգործակցությունը միջուկային տեխնոլոգիաների և միջուկային անվտանգության ոլորտներում:

Ավելի վաղ Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդինը հայտարարել էր, որ Իրանի կառավարությունը մտադիր է որքան հնարավոր է արագ կատարել իր պարտավորությունները միջուկային գործարքի շրջանակում, սակայն շատ բան կախված է նաև մյուս կողմից:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում:

«Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

ԱՄՆ նախագահին հաջողվել է ստանալ Կոնգրեսի հավանությունը: Հոկտեմբերի 18-ին Օբաման փաստաթուղթ է ստորագրել, որը նշանավորում է պատժամիջոցների չեղարկումը: Հոկտեմբերի 21-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Համենեին նույնպես հավանություն է տվել համաձայնությանը: Ըստ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ակնկալիքների, գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---