Նախարար. Սահմանամերձ գյուղերում ապաստարաններ կկառուցվեն և գիշերային հերթապահություն կիրականացվի

Նախարար. Սահմանամերձ գյուղերում ապաստարաններ կկառուցվեն և գիշերային հերթապահություն կիրականացվի

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի օրենքի նախագիծ, որը վերաբերում է Հայաստանի սահմանամերձ գյուղերում նախարարության կատարելիք ծառայությանը: Այս մասին Ազգային ժողովում 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, հայտնում է Panorama.am-ը:

«Տավուշի մարզի 24 սահմանամերձ գյուղերում նախարարությունը ծառայություն է կատարելու տարբեր ուղղություններով: Այդ գյուղերում կան ջրամբարներ, որոնց պահպանման խնդիրներն ենք լուծելու»,- ասել է Ա.Երիցյանը՝ հավելելով, որ Ազատամուտ համայնքում արդեն 32 հոգու աշխատանքի են ընդունել:

«Բացի այդ, գիշերվա ժամերին մեր տղաները կիրականացնեն հերթապահություն այն գյուղերում, որտեղ հնարավոր է լինեն դիվերսիաներ կամ Ադրբեջանից մարդիկ մտնեն»:

Ինչ վեաբերում է Տավուշի սահմանամերձ գյուղերում կառուցվելիք ապաստարաններին, Ա.Երիցյանը նշեց, որ այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, քննարկվում է գումարի չափը: «Մենք փորձում ենք այդ գյուղերում անհատական ապաստարաններ կառուցել, կան դպրոցներ, որոնց նկուղներն ենք փորձում կարգի բերել: Մենք այս պաին հաշվարկ ենք անում և շուտով ֆինանսների նախարարությանը կներկայացնենք, թե որքան գումար է անհրաժեշտ ապաստարանների հարցը լուծելու համար»,- նշել է Արմեն Երիցյանը:

Անդրադառնալով Բեքաբերի խնդիրներին նախարարն ասել է. «Մենք այնպես կանենք, որ գյուղի բնակիչներին ապաստարաններում պահենք: Այնտեղ դպրոցի հետ կապված խնդիր կա, դպրոցի վրա էլ են կրակում, այդ ուղղությամբ էլ ենք աշխատում ու ոչ միայն այդ գյուղում»:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվեցին Բերդավանի խաղաղ բնակիչներ 94-ամյա Շուշան Ասատրյանից և 41-ամյա Սոնյա Ռևազյանը, Պառավաքարի բնակիչ, 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, ևս երկուսը վիրավորվել են:

Ադրբեջանական մարտական հենակետերից իրականացված նպատակային գնդակոծության հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Բերդավան համայնքին պատկանող «Գեղագիտական կենտրոնի» և երաժշտական դպրոցի շենքերը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: Զգալի վնասներ են կրել Բերդավանի, Այգեհովիտի և Պառավաքարի բնակիչները. գնդակոծության հետևանքով վնասվել են գյուղացիների տները, գույքը, պտղատու այգիները։ Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ՝ պատճառված գույքային վնասների չափերը պարզելու համար:

Գնդակոծության հետևանքով Այգոհովիտ համայնքի բնակիչները չեն կարողացել խաղողի այգիներում բերքահավաք իրականացնել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---