3 նոյեմբերի 2015 - 14:10 AMT
ԵՏՀ նախարար. ԵՏՄ և ԵՄ մերձեցման համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները

Նոյեմբերի 2-ին Բեռլինում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, ելույթ ունենալով «Էկոնոմիկայի օրը Արևելյան Եվրոպայում» տնտեսական գործարար համաժողովի ընդլայնված նիստում և «Եվրասիական տնտեսական միություն» նստաշրջանում, պատմել է ԵՏՄ էության և հեռանկարների մասին` նշելով ԵՏՄ և ԵՄ միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը:

Գործարար համաժողովը գումարվում է ամեն տարի Գերմանիայի տնտեսության արևելաեվրոպական միավորման նախաձեռնությամբ: Ավանդաբար միջոցառմանը մասնակցում են Գերմանիայի, Արևելյան Եվրոպայի և «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից պետությունների պետական մարմինների և խոշոր բիզնեսի ներկայացուցիչները:

Իր ելույթում Մինասյանն ասել է, որ ԵՏՄ հիմնական նպատակն է 4 ազատությունների ապահովումը` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն առանց սահմանափակումների, գումարած անդամ երկրների տնտեսությունների արդիականացումը, միասնական քաղաքականության իրականացումն էկոնոմիկայի տարբեր ոլորտներում, ինչպես նաև միասնական ենթակառուցվածքների ստեղծումը: «Միությունը սկսել է գործել ոչ բարենպաստ պայմաններում: Սակայն անկախ ժամանակավոր դժվարություններից, բոլորը հասկանում են, որ զգալի ռեզերվ կա հենց ինտեգրման խորացման ոլորտում»:

Մինասյաը նշել է նաև Միության անդամների իրավահավասարությունը: ԵՏՀ նախարարը նշել է նաև ԵՄ և ԵՏՄ գործակցության անհրաժեշտությունը: ԵՏՄ-ում օտարերկրյա ներդրումների ընդհանուր քանակը մոտ 70% է կազմում, իսկ ԵՏՄ անդամ պետությունների ներդրումների 65%-ն արվում է ԵՄ անդամ երկրներում: ԵՄ-ի հետ է իրականացվում ԵՏՄ առևտրաշրջանառության ավելի քան 50 %-ը:

«Ցավոք, վերջերս գրանցվել է փոխադարձ առևտրի ծավալների նվազում: Միայն 2015-ի 7 ամսում նվազումը կազմել է մոտ 100 մլրդ եվրո, դա ապրանքաշրջանառության մոտ 38% է: Դրան հաջորդում է ստեղծված տնտեսական և առևտրային կապերի մարումը: Եվ այդ ամենը տեղի է ունենում Եվրոպայի և Եվրասիայի համար բարդ ժամանակաշրջանում: Այժմ, ինչպես երբեք լրացուցիչ խթաններ են հարկավոր տնտեսական զարգացման համար: Մենք առաջարկել ենք բոլորի համար ընդունելի բանաձև. «Ինտեգրում ինտեգրման համար»: Բրյուսել է ուղարկվել մի փաստաթուղթ, որի համաձայն առաջարկվում է փորձագիտական երկխոսություն սկսել: Ակնհայտ է, որ մերձեցման համար կան բոլոր պայմանները»:

Հոկտեմբերի վերջում ԵՏՀ ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան հայտարարեց, որ ԵՏՄ հանձնաժողովն առաջարկել է Եվրամիության իշխանություններին երկխոսություն սկսել ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման մասին: Պաշտոնական նամակը փոխանցվել է ԵՄ հանձնաժողովին:

Որոշումը կայացվել է սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում միության կառավարությունների ղեկավարների հանդիպմանը` ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղրզստանի և Հայաստանի մասնակցությամբ: Նամակը փոխանցվել է հոկտեմբերի կեսին: «Հարկավոր է վերադառնալ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման գաղափարին, և մենք առաջարկում ենք սկսել այդ երկխոսությունը»,-ասել է Վալովայան` նշելով, որ նամակը դեռևս հայտնում է միայն ԵՏՄ հանձնաժողովի կարծիքը:

Հոկտեմբերի 13-ին Բրյուսելում ԵՄ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Եվդոչենկոն և Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և ՌԴ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները հանդիպել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի խորհրդական Ռիչարդ Շոստակի հետ, հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԵՏՄ-ում Բելառուսի նախագահության անունից Եվդոչենկովը ԵՀ ներկայացուցչին է փոխանցել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի նամակը` հասցեագրված ԵՀ նախագահ Յունկերին, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միություն և Եվրամիություն` համագործակցության ուրվագիծը» հուշագիրը, որը սեպտեմբերին 8-ին հավանություն է ստացել Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից:

Կողմերը նաև քննարկել են ԵՏՀ և ԵՀ միջև գործակցության կազմակերպման հնարավոր տարբերակները: