ԿԲ. 6 ամսում բանկերի շահութաբերությունը նվազել է, վարկային ռիսկերը՝ աճել

ԿԲ.  6 ամսում բանկերի շահութաբերությունը նվազել է, վարկային ռիսկերը՝ աճել

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2015-ի առաջին կիսամյակի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը», որում փաստում է երկրի բանկային համակարգում առկա բացասական միտումների մասին:

Առաջին կիսամյակի ընթացքում մակրոմիջավայրից բխող ռիսկերի շարքում շարունակել են արդիական մնալ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը, Հայաստան ներհոսող տրանսֆերների ու մեր երկրից արտահանման նվազումը: Բանկային համակարգի վրա նշված զարգացումներն արտացոլվել են վարկային ռիսկի աճով և շահութաբերության նվազմամբ: Այնուամենայնիվ ԿԲ կողմից իրականացված սթրես-թեստերի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ բավականին կապիտալացված՝ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար, գրում է Civilnet.am-ը:

Տրանսֆերների կրճատման արդյունքում բանկային համակարգի վարկային ռիսկն է աճել է, շահութաբերությունը նվազել: Առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ տնտեսության և ֆինանսա¬կան կայունության վրա ազդող հիմնական արտաքին ռիսկերը պահպանվել են, սակայն նկատվել է վերջիններիս ազդեցության աճ: Մասնավորապես, միջ-ազգային շուկաներում գունավոր մետաղների գների, Հայաստանի կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաև ՀՀ փոխանցվող մասնավոր տրանսֆերների նվազումը նպաստել են ներքին սպառման, տնտեսական աճի դանդաղմանը: Նշված զարգացումները բացասաբար են ազդել տնային տնտեսությունների եկամուտների, ձեռնարկությունների վարկունակության վրա:

Մակրոտնտեսական ռիսկերի աճի, 2014-ի տարեվերջին դրամի արժեզրկման, ինչպես նաև նախորդող տարիներին արձանագրված վարկային պորտֆելի արագատեմպ աճի պայմաններում պահպանվել է չաշխատող ակտիվների տեսակարար կշռի աճի միտումը, որը, սակայն, տարածաշրջանի երկրների համեմատ գտնվում է համեմատաբար ցածր մակարդակում:

Վատորակ վարկերի աճի և տոկոսային մարժայի նվազման արդյունքում նվազել է բանկերի շահութաբերությունը: Ոչ բանկ ֆինանսական հաստատություններում դիտարկվել է գործունեության ծավալային ընդլայնում, սակայն վերջիններիս մասնաբաժինը ֆինանսական համակարգում շարունակում է մնալ բավականին փոքր:

Ընդհանուր առմամբ, ֆինանսական համակարգում առկա ռիսկերը դրսևորել են աճի միտում, սակայն կառավարելի են, և ֆինանսական համակարգը ունակ է դիմակայելու տարբեր տիպի ցնցումներին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---