ՌԴ էկոնոմիկայի փոխնախարար. Աբխազական երկաթուղին կբացվի քաղաքական հարցերը լուծելուց հետո

ՌԴ էկոնոմիկայի փոխնախարար. Աբխազական երկաթուղին կբացվի քաղաքական հարցերը լուծելուց հետո

PanARMENIAN.Net - Աբխազական երկաթուղու վերագործարկումը կախված է օբյեկտիվ զսպող գործոնների հետ: Այդ մասին, ըստ ԱՌԿԱ գործակալության, Երևանում լրագրողներին է հայտնել ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսանդր Ցիբուլսկին:

Ըստ նրա, նախագիծը քննարկվում է, այն օրակարգում է տարբեր ձևաչափերով` միջկառավարական հանձնաժողովի, աշխատանքային խմբի շրջանակում , երկու երկրների տրանսպորտային գերատեսչությունների միջև:

«Բոլորը հասկանում են հարցի կարևորությունը, սակայն կան օբյեկտիվ զսպող գործոններ, որոնք դեռ չի հաջողվում հաղթահարել, այդ թվում, կապված երկաթուղու աշխարհագրական տեղանքի և ֆինանսավորման օբյեկտիվ հարցերի հետ»,-ասել է Ցիբուլսկին:

Փոխնախարարը նշել է, որ հենց որ հաջողվի լուծել այդ հարցերը քաղաքական և տնտեսական մակարդակներով, նախագիծը կիրագործվի:

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992-ին: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ:

Երկաթուղու վերագործարկման հարցն ակտիվացավ 2012-ին խորհրդարանական և նախագահական ընտրութնուններում Սահակաշվիլիի թիմի պարտությունից հետ: 2013-ի սեպտեմբերի 2-ին Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտնեց, որ մտադիր է սեղմ ժամկետում լուծել այդ հարցը:

2014-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ավարտին հայտարարել էր, որ Ռուսաստանը և Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության մասին: «Հնարավոր ենք համարում միասին մտածել և ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության նախագիծը»,-ասել է Պուտինը լրագրողներին:

Ըստ 2013-ի մարտին Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI)անցկացրած սոցհարցման, Վրաստանի բնակիչների 63%-ը կողմ է աբխազական երկաթուղու վերագործարկմանը: Հարցումն անցկացվել էր Վրաստանի ամբողջ տարածքում 3103 մարդկանց շրջանում: Դեմ է արտահայտվել հարցման մասնակիցների 13%-ը:

Ըստ հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի Հայկական երկաթուղու կառավարումը հանձնվել է Ռուսական երկաթուղուն 40 տարով` ևս 20 տարով երկարացնելու հնարավորությամբ: Եթե երկաթուղային հաղորդակցությունն Աբխազիայի հետ վերագործարկվի, ներդրումները Հարավկովկասյան երկաթուղում պետք է կազմել մոտ $2.1 մլրդ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
---