18 նոյեմբերի 2006 - 15:23 AMT
Թուրքիան չպետք է կանգնի ԵՄ ճանապարհին, ի վերջո, այն կարելի է շրջանցել
Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի ստորագրումը ճանապարհ է երկու ուղղությամբ` Եվրոպայից Կովկաս եւ Կովկասից Եվրոպա: Այդ մասին Երեւանում հայտարարել է ամերիկացի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, Ծրագրով նախատեսված են ինչպես տնտեսական բարեփոխումներ, այնպես էլ ռազմական անվտանգությունը: «Տարածաշրջանը պետք է դառնա ռազմական եւ տնտեսական կայունության գոտի: Ապագայում Գործողությունների ծրագիրը կտարածվի Մարոկկոյի, Հորդանանի, Իսրայելի եւ Ուկրաինայի վրա: Աշխարհաքաղաքականության տեսակետից, Հարավային Կովկասի երկրների ներգրավումը Եվրամիություն դա նահանջ է Թուրքիայից դեպի Իրանի կողմը, քանի որ հենց Թուրքիան չպետք է կանգնի ԵՄ ընդլայնման ճանապարհին: Ի վերջո, նրան կարելի է շրջանցել»,-նշել է նա: Գիրագոսյանն ընդգծել է նաեւ, որ ԱՄՆ համար Եվրամիությունը մրցակից է եւ միեւնույն ժամանակ Ռուսաստանի հակակշիռը: Ինչ վերաբերում է բուն Գործողությունների ծրագրին, ապա, ըստ ամերիկացի վերլուծաբանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ մեծ տարբերություններ կան: «Վրաստանն առավել ակտիվ է ձգտում Եվրոպա, օգտագործելով ՆԱՏՕ-ն, Ադրբեջանն այնուամենայնիվ հակված է Կենտրոնական Ասիային ոչ միայն էներգետիկայում, այլ նաեւ ռազմական ոլորտում: Եվ միայն Հայաստանն է, միայնակ մնալով, իրագործում Ծրագիրը, ելնելով կենսական անհրաժեշտությունից: Մենությունը, ինչպես նաեւ չափազանց սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ, վտանգներ են Հայաստանի համար: Սակայն ինչպես կզարգանան իրադարձությունները որոշվում է Երեւանում, ոչ թե Բրյուսելում»,-ասել է Գիրագոսյանը: