6 նոյեմբերի 2015 - 10:21 AMT
ԼՂՀ ՊՆ. Հրադադարը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից

Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 միլիմետրանոց ականանետից (1 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 4-ին և լույս 5-ի գիշերը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

Բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերի ուղղությամբ կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ՝ արձակելով 7 արկ:

Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: