6 նոյեմբերի 2015 - 12:35 AMT
Քաղավիացիա. Բոինգ-737-ների սերտիֆիկատի դադարեցումը ՌԴ-ում չի ազդելու ՀՀ-ի հետ ավիահաղորդակցությանը

Միջպետական ավիացիոն կոմիտեն հայտարարել է ռուսաստանյան ընկերությունների կողմից Բոինգ-737 ինքնաթիռների շահագործման սերտիֆիկատի գործողությունը դադարեցնելու մասին:

Միջազգային կարգավորող կառույցը նշել է, որ ստիպված է դիմել այդ քայլին, մինչև որ չստանա ԱՄՆ FAA-ի և Ռոսավիացիայի համատեղ հավաստիացումն այն մասին, որ Ռուսաստանում գտնվող բոլոր Բոինգ-737-ները կարող են անվտանգ շահագործվել: Միջպետական ավիացիոն կոմիտեն նման բովանդակությամբ նամակ է ուղարկել ՌԴ և ԱՄՆ ավիացիոն իշխանություններին, Բի-Բի-Սի-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Կոմիտեն նշում է, որ 2015-ին երկու անգամ Ռոսավիացիայից դիմում է ստացել այն մասին, որ անհրաժեշտ են հրատապ վերամշակումներ Բոինգ-737-ների բարձրության ղեկի կառավարման համակարգում:

ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հայտնել է PanARMENIAN.Net-ին, որ թռիչքների արգելումը չի անդրադառնալու ՀՀ-ի հետ իրականացվող թռիչքների վրա:

«Ռուսաստանից Հայաստան թռիչքները հիմնականում իրականացվում են Airbus-երի միջոցով:Բոինգ-737-ըփորք մարդատար ինքնաթիռներ են, որոնք փոխադրումների չնչին մասն են կազնում: Հավանաբար դրանք կփոխարինվեն այլ ինքնաթիռներով և, կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի լինելու», - ասել է Գրդզելյանը:

Նա նշել է, որ այս առումով, Ռուսաստանի ինքնաթիռների պարկը բավականին դիվերսիֆիկացված է:

Բոինգ-737-505-ի ամենախոշոր վթարը տեղի է ունեցել 2008-ին Պերմում: Կործանման զոհ է դարձել 82 ուղևոր և անձնակազմի6 անդամ: