6 նոյեմբերի 2015 - 13:41 AMT
Կեղծ օգտատերերի հրապարակումները տարածող լրատվամիջոցները կարող են պատասխանատվության կանչվել

Նոյեմբերի 6-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորները նախագծով առաջարկել են փոփոխություն կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում: Նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածումը. պատգամավորները կարևորում են այն լրատվական միջոցների պատասխանատվության սահմանումը, որոնք տարածում են կեղծ օգտատերերի հրապարակումները և մեկնաբանությունները:

Օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանին, Էլինար Վարդանյանին, Նաիրա Զոհրաբյանին, Արմեն Ռուստամյանին, Ստեփան Դեմիրճյանին, Էդմոն Մարուքյանին, Գագիկ Ջհանգիրյանին և Հեղինե Բիշարյանին: Նախագծի համահեղինակ են նաև նախկին պատգամավոր, ներկայիս արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և կառավարութան աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ զրպարտության համար Եվրոպական դատարանը շատ ավելի խիստ կարգավորում է առաջարկել, քան նախագծում նախատեսված է։

«Կարիք կա, որ Կառավարությունը, պատգամավորները, ԶԼՄ-ները, քաղաքացիական հասարակությունը հասկանան՝ մեզ պետք է չկարգավորվա՞ծ, թե կարգավորված դաշտ», - ասել է նախարարը, մեջբերում է Tert.am-ը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ որպեսզի նախագծին հանգիստ խղճով կողմ քվեարկի, առաջարկում է փոփոխություն կատարել նաև քրեական օրենսգրքում և տարանջատել սուտ մատնությունը զրպարտությունից, քանի որ ըստ պատգամավորի՝ այսօր զրպարտողներից շատերին սուտ մատնության անվան տակ դատապարտում են, մինչդեռ զրպարտությունը ժամանակին ապաքրեականացվել է:

Այս առաջարկի հետ համաձայնել են հանձնաժողովի անդամները:

2014-ին սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի (ֆեյքերի) միջոցով զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկատվության ԶԼՄ-ների կողմից վերատպման և տարածման դեմ նպատակաուղղված ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը որոշակի փոփոխություններ է կրել:

Նախագծի նախնական տարբերակից հանվել է այն դրույթը, ըստ որի լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է տեղակատվության հեղինակին նույնականացնել օգնող տվյալներ:

Հանվել է նաև «անհայտ հեղինակ» սահմանումը: Նախագիծը լրացվել է աղբյուրի ոչ հայտնի լինելն ապացուցելու հայցվորի պարտականությունը հստակեցնելուն վերաբերող դրույթով: