6 նոյեմբերի 2015 - 14:13 AMT
Ավստրիան մտադիր է փախստականներին հետ ուղարկել, իսկ Շվեդիան հորդորում է «Գերմանիա մեկնել»

Ավստրիան մտադիր է խստացնել երկրի տարածքում փախստականների կացության մասին օրենքը: Ըստ կառավարության նոր ծրագրի, բռնի տեղահանվածներին հայրենիք կուղարկեն, երբ իրավիճակն այնտեղ կայունանա:

Ըստ առաջարկված օրինագծի, պատերազմից և հալածանքներից փախչողներին 3 տարի ժամկետով ապաստան կտրվի: Ժամկետի ավարտից հետո նրանց գործերը կվերանայվեն և երկրում թույլ կտան մնալ միայն նրանց, ում կյանքը հայրենիքում կրկին վտանգաված կլինի:

Ինչպես հայտնում է Euromag-ը, Ավստրիայի իշխանությունները հազիվ են կարողանում դիմակայել փախստականների ռեկորդային ներհոսքին: Երկրում այժմ բնակչության մեկ շնչի հաշվով ավելի շատ փախստական կա, քան ցանկացած այլ եվրոպական երկրում: Նոր օրենքով նաև կսահմանափակվի ամուսիններին և երեխաներին կանչելու այն անձանց իրավունքները, ում թույլ կտրվի մնալ Ավստրիայում:

Մինչդեռ Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը, որը նույնպես իմիգրացիոն հարցերով է զբաղվում կառավարությունում, SVT-ին տված հարցազրույցում կոչ է արել փախստականներին «Գերմանիա մեկնել», քանի որ Շվեդիայում այլևս տեղ չկա երկողներին տեղավորելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Դոժդ» հեռուստաալիքը, երկիրը հասել է փախստականներին տեղավորելու իր հնարավորությունների շեմին: «Մենք հիմա շատ բարդ վիճակում ենք, վերջին օրերին իրավիճակն ավելի է սրվել»,-ասել է նա: Ըստ նախարարության գնահատականների, մինչև տարեվերջ Շվեդիա կժամանի մինչև 160 հազար փախստական` երկու անգամ ավելի, քան մեկ տարի առաջ:

Ավելի վաղ Շվեդիայի միգրացիոն ծառայության ղեկավար Վիլիս Օբարը հայտարարել էր, որ նոյեմբերի 5-ին երկի կարող է ժամանել ռեկորդային 2 հազար փախստական: Նրանց թիվն աճում է, քանի որ Գերմանիայում ևս փախստականների ընդունման հարցերը բարդանում են, և մինչև 40 հազար մարդ է ապրում վրաններում:

Ըստ նոյեմբերի 4-ին հրապարակված Եվրահանձնաժողովի զեկույցի, մինչև 2016-ի ավարտը ԵՄ-ում փախստականների թվաքանակը կհասնի 3 միլիոնի: Նշվում է, որ տարեսկզբից Եվրոպա է ժամանել 700.000 մարդ: «Մենք պետք է նախապատրաստվենք նրան, որ մինչ գալիք տարվա փետրվարը ամեն օր մոտ 5 հազար մարդ է ժամանելու: Վերջին ամիսներին, ինչպես տեսնում ենք, եղանակային պայմանների վատթարացման հետ մեկտեղ ավելացել են ողբերգական դեպքերը: եթե մենք չսկսենք գործել անհապաղ, զոհերի քանակը կաճի»,-հայտարարել է ՄԱԿ գերագույն հանձնակատարի Փախստականների գծով վարչության ներկայացուցիչ Ուիլյամ Սփինդլերը: