6 նոյեմբերի 2015 - 15:20 AMT
Ադրբեջանում իսլամիստներն անկարգություններով են սպառնում իշխանություններին

Մի խումբ իսլամիստներ նոյեմբերի 5-ի երեկոյան բողոքի ակցիա էին կազմակերպել Ադրբեջանի Բաքիխանովի ավանի Սաբունչիի շրջանային ոստիկանության վարչության շենքի մոտ` «Մահմեդականների միասնության շարժման» փոխնախագահ Էլչին Ղասիմլիի բերման ենթարկելուց հետո, հայտնում է Minval.az-ը:

Պարբերականը նշում է, որ պատճառը Ղասիմլիի ելույթն էր Նարդարան ավանի մզկիթում, որտեղ նա խստորեն քննադատել է աստվածաբան Թալե Բագիրզադեին ոստիկանությունում ծեծի ենթարկելու փաստը:

Վրդովված հավատացյալները և տվյալ կազմակերպության անդամները շրջապատել են ոստիկանության բաժանմունքը, որտեղ պահվում է Ղասիմլին` պահանջելով ազատ արձակել նրան: Ներքին զորքերն արգելափակել են ոստիկանության բաժանմունքի մուտքերը, իսկ հատուկ նշանակության ջոկատը սկսել է ցրել իսլամիստներին: Բողոքի ակցիայից բերման է ենթարկվել 20-ից ավելի ակտիվիստ:

Ինքը Էլչին Ղասիմլին «Մահմեդական միասնություն» հասարակական կազմակերպության առաջնորդ Բագիրզադեի տեղակալն է, որին նոյեմբերի 3-ին դաժան ծեծի էին ենթարկել Բաքվի Յասամալիի ոստիկանության բաժնում:

Շրջանային ոստիկանության պետը Բագիրզադեից պահանջել էր պատասխանել, թե ինչու է նա մարդկանց հավաքում և երթ կազմակերպում: Բագիրզադեն պատասխանել էր, թե նա ոչինչ չի կազմակերպել, նրան դիմել են հավատացյալները ազգային հերոս Մուբալիզ Իբրահիմովի շիրիմն այցելելու առաջարկով, ինչն էլ մտադիր են անել: Բագիրզադեն խնդրել է ազատ թողնել իրեն, քանի որ մոտենում էր նամազի ժամը: Դա նրան արգելվել է և նա սկսել է նամազը հենց ոստիկանությունում: Դա կատաղության է հասցրել ոստիկանին, որը ծեծի է ենթարկել Բագիրզադեին` լուրջ վնասելով նրա դեմքն ու ծնոտը:

Ավելի ուշ Բագիրզադեն, որը համարվում է ադրբեջանցի շիա մահմեդականների առաջնորդը, դիմել է կողմնակիցներին: «Մահմեդականներ. Իշխող ռեժիմը մարդկանց դրդում է անկարգությունների: Այսօր նրանք բերման են ենթարկել և ձերբակալել են աստվածաբան Էլչին Ղասիմլինն: Հավատացյալների ամբոխները գնում են դեպի ոստիկանության վարչություն: Իշխանությունները պետք է պատասխան տան Ղասիմլիի հանդեպ բռնությունների համար: Նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Ավելի լավ է պատվով մեռնել, քան ապրել հալածված և ստորացված»,-ասել է նա:

Պաշտոնական արձագանք այս ամենին դեռ չի եղել:

Նոյեմբերի 6-ին Խոշտանգումների դեմ կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբուտովն այցելել է ոստիկանության բաժանմունք, որտեղ հանդիպել է բերման ենթարկվածներից 5-ի հետ: Ոստիկանության պետը հայտարարել է Բեհբուտովին, որ նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության և կկանգնեն դատարանի առջև: Ինչ վերաբերվում է Ղասիմլինն, Բեհբուտովի այցելության պահին նա ոստիկանությունում չի եղել: Մինչդեռ, փաստաբան Ջավադ Ջավադովը հայտարարել է, որ իրեն թույլ չեն տալիս հանդիպել իր պաշտպանյալի հետ: