6 նոյեմբերի 2015 - 14:36 AMT
Վարչական իրավախախտումների տուգանքները վճարելու ժամկետը կարող է երկարացվել

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 6-ին քննարկվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանը և Լևոն Դոխոլյանը։

Նախագիծը ներկայացնող Մարգարյանը նշել է, որ առաջարկվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված վարչական իրավախախտումներ կատարելու համար նախատեսված գումարների վճարելու դեպքում նախատեսված վեց ամսվա վճարման ժամկետը փոխարինել մեկ տարով:

Պատգամավորն ասել է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչական իրավախախտումներ ունեցած ՀՀ քաղաքացիների մի մասը գտնվել է արտերկրում, մյուս մասը ինչ-ինչ հարգելի պատճառներով հնարավորություն չի ունեցել գործող օրենքի շրջանակում վեց ամսվա ընթացքում իրականացնել տուգանքների վճարումներ, հետևաբար, սույն նախագծի նպատակն է հնարավորություն տալ վերը նշված քաղաքացիներին առանց տույժ տուգանքների վճարել վարչական իրավախախտում կատարելու համար տուգանքը և ազատվել չվճարված գումարների համար նախատեսված լրացուցիչ տուգանքներից, գրում է Tert.am-ը:

Այսպիսով՝ նախատեսվում է արտոնյալ վեց ամիս ժամկետը երկարացնել ևս վեց ամսով, միևնույն ժամանակ նշված ժամկետում վճարումը կատարող քաղաքացիներին ազատել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ այստեղ մի քանի խնդիր կանախատեսվում է լայնածավալ նախագիծ ներկայացնել և ի թիվս այլ հարցերի այսպես կոչված համաներման նախաձեռնությունը ևս կարգավորել:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվել է, թե արդյոք անդրադառնալու են անցումային դրույթներին: «Միայն ժամկետի երկարաձգումը բան չի տալիս»,- ասել է նա:

Հարցին դրական պատասխան տվել նախարարը:

Հովհաննիսյանը նաև պարզաբանել է, որ նախատեսում են երկու փուլով առաջ գնալ: «Առաջին փուլն արագ արձագանքելն է: երկրորդ փուլով էլ նախատեսվում է վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարել. որը վերամշակվել է և վերջնագծին են հասել»:

Այսպիսով՝ նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև մեկ տարի:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված՝ վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ անձինք) միջև ծագած հարաբերությունները։