6 նոյեմբերի 2015 - 15:20 AMT
Խաղողի արտահանումը 30-50%-ով նվազել է՝ չնայած ռեկորդային բերքին

2015-ի խաղողի բերքի ռեկորդային ծավալների հետ մեկտեղ խաղողի արտահանման ծավալների ռեկորդային նվազում է արձանագրվել: Այս մասին տեղեկացրել է Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ խաղողի մթերման գործընթացը գրեթե ավարտվել է:

Հարությունյանը նաև նշել է, որ վերջնական պաշտոնական թվերը չեն հրապարակվել, սակայն գրանցվել է մոտ 310 հազար տոննա խաղողի բերք՝ 17 հազար հեկտարից, իսկ արտահանման մասով 30-50% անկում կա, գրում է Panorama.am-ը:

«Գինու գործարանները պատրաստ չէին հանգիստ ռեժիմով նման բերք ընդունելու, սա բերեց նրան, որ սկսեցին մթերել առանց որակին նայելու, բացի դա՝ հերթերի մեջ բերքը փչացավ, արժեքն ընկավ», - պարզաբանել է Հայ գինեգործների միության նախագահը:

Նա նկատել է, որ գյուղնախարարությունը իր երկու խոստումներից մեկը արեց, մյուսը՝ ոչ. «Առաջին խոստումը, որ ոչ մի ողկույզ վազին չի մնա, գրեթե ամբողջությամբ կատարեց, սակայն որ ցածր գներով չի մթերվի՝ չիրականացվեց: Այսօր անգամ 20 դրամով է մթերվում խաղողը: Միջինը մթերվել է 120-130 դրամով», - ասել է Հարությունյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ է տվել ԵՏՄ անդամակցությունը խաղողի արտահանման պարագայում, նա նշել է, որ անդամակցությունը Հայաստանի համար պետք է դիտարկել քաղաքական հարթության մեջ, տնտեսական առումով ոչ վնաս էր, ոչ օգուտ:

Հայաստանի Հանրապետությունում, օպերատիվ տվյալներով, 2015-ի հոկտեմբերի 22-ի դրությամբ արտադրվել է մոտ 301.000 տ խաղող, ամբողջ 2014-ի ընթացքում արտադրված 261.000 տ-ի դիմաց։ Հոկտեմբերի 22-ի դրությամբ մթերվել է 209.000 տ խաղող, ամբողջ 2014-ի 184.000 տ-ի դիմաց։ Նույն օրվա դրությամբ՝ Հայաստանից արտահանվել է 8.000 տ խաղող, 2014-ի նույն ժամամանակահատվածի 5.200 տ-ի դիմաց։

Սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով, որպեսզի գյուղնախարար Սերգո Կարապետյանը պարզաբանի, թե ինչու գործարանները չեն սկսել խաղողի մթերումը։

Նմանատիպ խնդիր կար նաև Արարատի մարզում. նույն օրը մի շարք համայնքների բնակիչներ փակել էին Արարատ-Երևան ճանապարհը: Այն բացվել է միայն նախարարի այցից հետո: Կարապետյանը գյուղացիներին փոխանցել է, որ հորդորել է գործարանների տնօրինությանը` մթերել գյուղացու արտադրած ամբողջ խաղողը:

Արարատի մարզում որոշ գյուղերի բնակիչներ սեպտեմբերի 28-ին դարձյալ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով լուծում տալ խաղողի մթերման հարցին: Նրանք փակել էին ճանապարհը՝ դժգոհելով, որ մթերող կազմակերպություններն իրենց բերքն ամբողջությամբ չեն մթերում:

Նույն օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ կրկին այցելել էր Արարատի մարզ, եղել տեղի մթերող կազմակերպություններում, հանդիպել խաղողագործների հետ՝ ծանոթացել մթերման աշխատանքների ընթացքին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստին հայտարարել է, որ Կառավարությունը պատրաստ է աջակցել հանրապետությունում խաղողի մթերման հարցում: «Խնդրում եմ իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք և եթե հարց լինի՝ մենք պատրաստ ենք աջակցել», - ասել է Կառավարության ղեկավարը: Խաղողի մթերման գործընթացը վերահսկվում է վարչապետի վերահսկողական ծառայության կողմից:

Նիստին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ից: Կարապետյանի խոսքով՝ խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ: Հասկանալի պատճառներով, գինեգործարանները հիմնականում չեն կարողացել ֆինանսական հոսքեր ապահովել, որոնք նախատեսված էր տարեսկզբին՝ կապված արտահանումների ծավալների կրճատման հետ: Նախարարը նշել է, որ որոշ կազմակերպություններում տարաները լիքն են, սակայն բոլորի կողմից կա այն մոտեցումը, որ խաղողը պետք է մթերվի ամբողջապես, և դաշտում խաղող չի մնալու: Կարապետյանի տվյալներով՝ այսօրվա դրությամբ մթերվել է 80 հազար տոննա խաղող, 2014-ից մոտավորապես 20 հազար տոննա պակաս: Մթերողների թիվն ավելանում է, սական նախարարը համոզված է՝ թեկուզ եղած դժվարություններով հանդերձ մթերումները նորմալ են անցկացնելու:

Ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության սեպտեմբերի 28-ին տարածած հաղորդագրության՝ հանրապետությունում խաղողի բերքը պատշաճ և ժամանակին մթերելու գործընթացը շարունակում է գտնվել վարչապետի անմիջական ուշադրության կենտրոնում:

Կարդացեք նաև՝ Բերդում խաղողի մթերման խնդիրը լուծվել է. Գործարանը ռեկորդային՝ 5.000 տ բերք է ընդունել