7 նոյեմբերի 2015 - 14:28 AMT
Ստամբուլի «Արմեն» ճամբարը կարող է վերակառուցվել. Մտադրությունը Հայ ավետարանչական ընկերակցությանն է

Ներկայումս Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը քննարկում է թուրքական իշխանություններից հետ ստացած Ստամբուլի «Արմեն» որբանոց-ճամբարի վերակառուցման հնարավորությունները: Այս մասին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպմանը ասել է ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը:

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» որբանոց-ճամբարը հոկտեմբերի 27-ին վերադարձվել է հայ համայնքին: Ճամբարի սեփականության վկայականը հանձնվել է Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին: Հոկտեմբերի 27-ին լրացավ ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով ճամբարում սկսված հերթապահության 175-րդ օրը: Այդ ընթացքում ճամբարը չքանդելու համար պայքարող քաղաքացիների վրա երկու հարձակում է իրականացվել, որոնցից մեկի արդյունքում երկու մարդ էր վիրավորվել: Հարձակվողները փայտերով էին զինված:

Նախարարն ողջունել և խրախուսել է ճամբարի վերակառուցման մտադրությունը և գոհունակություն հայտնել Հայ ավետարանչական ընկերակցության կողմից կրթական, մշակութային և առողջապահական ոլորտներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նա հատուկ ընդգծել է սիրիահայությանն ընկերակցության կողմից ցուցաբերած մեծ աջակցությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել են հայապահպանությանն ի նպաստ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

«Արմեն» հայկական որբանոց-ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից:

2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր եղավ դադարեցնել:

«Արմեն» հայկական որբանոց-ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք զբաղեցնող կառույցը 1961-ին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007-ին Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:

«Արմեն ճամբար»-ը, որը կառուցվել է հայ որբերի աշխատանքով, թուրքական պետության որոշումով փակվել է 1983-ին: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին. նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել վերանորոգել որբանոցը, ինչի պատճառով այն գտնվում է անմխիթար վիճակում:

Մանկատան հողատարածքի սեփականատեր Սեիթ Դուրմազի երեխաներից մեկը հետագայում հաջողացրել է որբանոցից 600 քմ տարածք գնել: 1974-ին այդ տարածքը գնած կապալառուի կողմից բացված դատական գործընթացի արդյունքում նա կարողացել է զարտուղի ճանապարհով ճամբարի տարածքը կցել իր կողմից գնված 600 քմ -ին: 1977-ին փոքրամասնությունների հիմնադրամների մասին ընդունված նոր օրենքով հայ որբերի ճամբարը բռնագրավվել է:Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Որոշ ժամանակ անց որոշումը ժամանակավորապես կասեցվել է:

Թուրքիայում 2011-ին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` 79 տարի բռնագրավված անշարժ գույքը վերադարձնելու մասին, սակայն, «Արմեն ճամբար» ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքի ցուցակում: