7 նոյեմբերի 2015 - 17:24 AMT
Սուդանի ավիավթարում զոհված հայերի դիերը կտեղափոխվեն ՀՀ

Նոյեմբերի 6-ին Ուգանդայում ՌԴ հյուպատոսը Ջուբայում հանդիպել է Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռը սպասարկող ավիաընկերության ղեկավարության հետ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը և Ուգանդայում ՌԴ դեսպանությունը կապահովեն ամբողջ իրավական գործառույթների իրականացումը, իսկ ավիաընկերության ղեկավարությունը, գործակցելով ապահովագրական ընկերության հետ, կապահովի աճյունների տեղափոխումը, համապատասխանաբար, ՀՀ և ՌԴ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջուբայի օդանավակայանը շաբաթ և կիրակի օրերին ամբողջության փակ է, տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների աճյունները տեղափոխել Հայաստան: Ջուբայում է գտնվում Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոսը։

Ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ջուբայի օդանավակայանից մեկնելուց որոշ ժամանակ անց: Ականատեսները պնդում են, որ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից մոտ 800 մ հեռավորության վրա: 2 մարդ ողջ է մնացել, որոնցից մեկը երեխա է: