9 նոյեմբերի 2015 - 11:11 AMT
Sunday Times-ը հրապարակել է А 321-ում պայթյունի հավանական կազմակերպչի անունը

Բրիտանիայի կառավարությունում հայտարարում են, որ տվյալներ են ստացվել այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Սինայում գործող օղակի առաջնորդ Աբու Ուսամա ալ Մասրին առնչություն ունի ռուսական А 321 ինքնաթիռում պայթյունի կազմակերպմանը: Այդ մասին հայտնել է Sunday Times-ը կառավարությունում սեփական աղբյուրների վրա հղումով:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

«Հրապարակվել է ահաբեկչության մեջ կասկածվողի անունը…Հետախուզության ղեկավարությունը կարծում է, որ ինքնաթիռը, կործանվել է ռումբի պայթյունի հետևանքով, որը հավաքել են ԻՊ Սինայում գործող օղակի անդամները: Եգիպտացի քարոզիչ Աբու Ուսամա ալ Մասրին համաձայնություն է կնքել ԻՊ հետ անցյալ տարի Սիրիայում»,-գրել է թերթը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպե գրել է Lenta.ru-ն, Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ՌԴ և Եգիպտոսի իշխանություններին գրոհայինի ձերբակալման կամ ոչնչացման գործում: Եթե այդպիսի քայլ ձեռնարկվի, Լոնդոնը կներգրավի Հատուկ օդային ծառայության (SAS) բրիտանացի աշխատակիցներին: Ըստ թերթի տվյալների, ռումբն ինքնաթիռ է անցկացրել Շարմ էլ Շեյխի օդանավակայանի աշխատակիցը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ А321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»,-հայտնել են քննիչները նա:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց, որ թեև այս պահին լիակատար վստահություն չկա, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերության А321 չվերթը աղետի է ենթարկվել պայթյունի հետևանքով, սակայն «գնալով ավելի հավանական է դառնում, որ դա այդպես է»: Բրիտանիան արգելել է ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Շարմ էլ Շեյխ և խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ այնտեղ ուղևորվելուց:

Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել նոյեմբերի 8-ից դեպի Եգիպտոս թռիչքներն արգելելու մասին, ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

«Ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում է ՌԴ քաղաքացիների օդային փոխադրումներ իրականացնել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն»,-ասվում է փաստաթղում:

Փաստաթուղը հորդորում է զբոսաշրջային օպերատորներին և գործակալություններին չվաճառել դեպի Եգիպտոս ուղևորության փաթեթներ:

Հայտնի ամերիկյան Stratfor վերլուծական գործակալությունը, որը փորձագետներից ու լրագրողներից շատերը անվանում են «ստվերային ԿՀՎ», կարծում է, որ «Կոգալիմավիայի» օդանավի կործանման ամենահավանական պատճառը պայթուցիկ սարքի պայթյունն է ինքնաթիռում: «Հաշվի առնելով այլ սցենարների քիչ հավանական լինելը, առավել հավանական է թվում, որ ինքնաթիռի կործանման պատճառը պայթուցիկ սարքի առկայությունն է եղել ինքնաթիռում»,-ասվում է վերլուծության մեջ: