9 նոյեմբերի 2015 - 11:32 AMT
ԻՊ-ն Սիրիայում տասնյակ ասորի քրիստոնյաների է ազատ արձակել

«Իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայի հյուսիս-արևելքում ազատ է արձակել 37 տարեց ասորի քրիստոնյաների: Մարդու իրավունքների սիրիական դիտորդ մարմինը հայտնել է, որ գերիները ազատ են արձակվել արաբական ցեղերի միջնորդության արդյունքում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ասորական մարդու իրավունքների ցանցի տվյալներով, գերիների մեծ մասը վերադարձել է Թել Թամեր քաղաք: Ենթադրվում է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է գերի պահել ևս 120 ասորիների:

Մինչդեռ, հայտնի է դարձել նաև, որ Հալեպի «Հայ Ալ Սապիլ» շրջանը ռմբակոծվել է, որի հետևանքով զոհվել է չորս հոգի՝ նույն ընտանիքի անդամներ, հայտնում է Panorama.am-ը «Արևելքի» վրա հղումով:

«Հայ Ալ Սապիլը» հայկական թաղամաս չէ, սակայն չի բացառվում, որ շրջանում ևս հայեր են ապրում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հալեպն արտաքին աշխարհին կապող Խանասերի ճանապարի բացման հետևանքով քաղաքում իրավիճակը նկատելիորեն բարելավվել է: Հայկական շրջանները վերջին օրերին չեն հրթիռակոծվել, իրավիճակը համեմատաբար խաղաղ է:

Ծայրամասերում սակայն թեժ բախումները շարունակվում են: Հալեպի հայկական շրջաններում էլեկտրականության և ջրի խնդիրը դեռ մնում է:

Նոյեմբերի 4-ին սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրեցին Սալմիա-Հանասիր ավտոմայրուղին Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: Մինչ այդ այն շրջափակված էր «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից:

Նոյեմբերին ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարեց, որ հոկտեմբերի սկզբից առնվազն 120.000 մարդ է լքել տները Հալեպում, Համայում և Իդլիբում մարտական գործողությունների պատճառով:

Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում: Ինչպես 2015-ի հոկտեմբերի սկզբին հայտնել է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունն, աշխարհում փախստականների, ապաստան հայցողների և ներքին տեղահանվածների քանակը գերազանցել է 60 միլիոնը և շարունակում է աճել:,/i>