9 նոյեմբերի 2015 - 12:08 AMT
ԼՂՀ ՊՆ. Նոյեմբերի 7-ին և 8-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց

Հանգստյան օրերին` նոյեմբերի 7-ին և 8-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և և 82 մմ ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց: