9 նոյեմբերի 2015 - 12:39 AMT
Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախումբը կատարել է հայ կոմպոզիտորների երաժշտությունը

Կանադայի հեղինակավոր George Weston recital համերգասրահում նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի «Մի մոռացիր ինձ» խորագրով համերգ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նվագախմբի հետ ելույթ է ունեցել սոպրանո Հասմիկ Պապյանն ու ջութակահարուհի Նունե Մելիքյանը, գրում է Panorama.am-ը:

Համերգի ընթացքում հնչել են հայ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի և Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները: Ի դեպ, վերջին երկու հեղինակների ստեղծագործությունները Կանադայում կատարվել են առաջին անգամ: Նվագախումբը ղեկավարել է Նուրան Արմանը:

2015-ի ապրիլի 22-ին Տորոնտո քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ոգեկոչող մշակութային միջոցառումը: Հայազգի հանրահայտ դիրիժոր Պիտեր Ունջյանի ղեկավարած Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի «Արարատ. Հայաստանի երաժշտություն» խորագրով համերգին որպես մենակատարներ հանդես եկան աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ու սոպրանո Իզաբել Բայրակդարեանը: Հնչեցին Արամ Խաչատրյանի, Կոմիտասի ստեղծագործությունները, կատարվեց Ատոմ Էգոյանի «Արարատ» գեղարվեստական ֆիլմի երաժշտությունը: Հյուրերի թվում էին ինչպես դեսպանության անձնակազմն ու հայ համայնքի ստվար զանգվածը, այնպես և Տորոնտոյի տեղական մարմինների ներկայացուցիչներ, Կանադայի խղճի ազատության գրասենյակի տնօրեն, դեսպան Էնդրյու Բեննետտը:

Ապրիլի 24-ինՏորոնտոյի կենտրոնական Մետրոպոլիտեն Յունայթեդ եկեղեցում մատուցվեց միջհարանվանական պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: