9 նոյեմբերի 2015 - 12:28 AMT
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից 3 տուժած դեռևս վերակենդանացման բաժանմունքում է

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում նոյեմբերի 9-ի դրությամբ բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած հինգ քաղաքացի, որոնցից երեքը` վերակենդանացման բաժանմունքում: Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Մյուս հիվանդների առողջական վիճակը կայունացել է, առկա է դրական տեղաշարժ: Տուժածներից մեկն ունի կոնքի ոսկրերի և անրակի կոտրվածքներ: Նրան այսօր կվիրահատեն, ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 3-ին Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ պատճառները դեռ պարզվում են: Հիմնական վարկածներից մեկը տեխնիկական անսարքությունն է, դիտարկվում է նաև մարդկային գործոնի վարկածը: Հայտնի է, որ 44-ամյա վարորդը 2015-ի ամռանը վարչական պատասխանատվության է ենթարկվել անսարք ավտոբուս վարելու համար:

Շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացած մյուս տուժածներն առողջացումով դուրս են գրվել: Վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում: Եվս երկու հիվանդ նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:

Այսօրվա տվյալներով` ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժում է ստանում վթարից տուժած 2 քաղաքացի:

Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը, որն ուներ գլխուղեղի ծանր վնասվածք, մահացել է: Նա դարձավ վթարի 9-րդ զոհը:

Հայաստանի Հանրապետության 44-ամյա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով: