2016-ին աղետի գոտում մոտ 230 ընտանիք բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ կստանա

2016-ին աղետի գոտում մոտ 230 ընտանիք բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ կստանա

PanARMENIAN.Net - 2016 թ. մոտ 230 ընտանիք աղետի գոտում բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ կստանա, նոյեմբերի 9-ին բյուջետային լսումների ընթացքում ասել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։ «2014–2015 թթ. Գյումրիում բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ է ստացել 230 ընտանիք։ Երկրորդ փուլը կմեկնարկի երկու շաբաթվա ընթացքում։ Այդ փուլի շրջանակում բնակարանով կապահովվի ևս 230 ընտանիք», – ասել է Սարգսյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը։

Նրա խոսքով` սերտիֆիկատներ կտրամադրվեն Ախուրյանում բնակվող ևս 33 ընտանիքի։

«Այսպիսով, կմնա լուծել Շիրակի մարզում բնակվող 170 ընտանիքի բնակարանի հարցը։ Նախատեսվում է խնդիրը վերջնականապես լուծել 2016–2017 թթ.», – ասել է նախարարը։

2014-ի օգոստոսին Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ աղետի գոտում լուրջ ուսումնասիրություններ են կատարվել, կա հստակ մոտեցում՝ Գյումրիում դեռևս անօթևան մնացած 430 ընտանիքի համար ոչ թե նոր շենք կառուցել, այլ պետությունը նրանց տա բնակարանների գնման վկայագրեր: «Որոշեցինք, որ ճիշտ կլինի պետությունը բնակարանների գնման վկայագրերով աշխատի բնակիչների հետ, քան նորից շենքեր կառուցի: Քաղաքում կան վաճառքի ենթակա բազմաթիվ շենքեր: Ավելի ճիշտ է գնել այդ բնակարնները՝ միաժամանակ աշխուժացնելով նաև քաղաքի շուկան»,- ասել էր նախարարը:

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ շահառուները կանխիկ գումար չեն ստանա, փողը կփոխանցվի բնակարանի տիրոջը գնման պահին: Իսկ բուն գումարը հաշվարկված է պետկադաստրի տրամադրած տվյալների հիման վրա:

2008 թվականից աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող սոցիալական ուղղվածության ծրագրի շահառու է դարձել 5313 ընտանիք: Մասնավորապես, 61 ընտանիքի 2008-2009 թվականներին տրվել է բնակարանի գնման հավաստագրեր, 321 ընտանիքի տրվել է 3-ական մլն դրամի ֆինանսական աջակցություն, իսկ 3693 ընտանիքի 2009-2013 թվականներին բնակարան է տրամադրվել: 2008 թվականից Գյումրիում բնակարանաշինության մեջ ներդրվել է 81,5 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---